ՀՀ-ում դիակիզարան է կառուցվում. Pastark.am

ՀՀ-ում դիակիզարան է կառուցվում։ Տեղեկությունը հաստատեց Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանը։

Դիակիզարանը և մասնավոր գերազմանատունը կկառուցվեն Երևանից դուրս։ Իսկանդարյանը վստահեցնում է, որ գերազանցելու է ՀՀ-ում մասնավոր գերեզմանատան համար նախատեսված ստանդարտները։ «Առաջիկայում Հայաստանը կունենա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան գերեզմանատուն և դիակիզարան՝ իր ամբողջ ատրիբուտիկայով։ Տարածաշրջանում նման պրոյեկտ չկա՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում ու Ադրբեջանում և ո՛չ էլ Ռուսաստանում,- ասաց Արման Իսկանդարյանը:

Իսկանդարյանը հայտնեց, որ ներդրողների մի մասը Հայաստանից են, մի մասն էլ` ԱՄՆ-ից: Ընդհանուր առմամբ 10 մլն ամերիկյան դոլլարի ներդրում է սպասվում․ «Չեմ կարող ասել, թե որ ընկերությունների մասին է խոսքը, դա կոմենցիոն գաղտնիք է»։ Հարցին՝արդյո՞ք Դուք ևս ներդրող եք, Իսկանդարյանը պատասխանեց․ «Ո՛չ, ներդրող չեմ, ես` և՛ հայաստանյան, և՛ ամերիկյան ընկերության խորհրդատուն եմ»։ Իսկանդարյանն ասաց, որ դիակիզարանը կառուցվելու է Երևանից դուրս, սակայն թե որտեղ է այն լինելու՝ նշեց, որ դա ևս կոմերցիոն գաղտնիք է։

« Երբ արդեն աշխատանքները մեկնարկեն, լրատվամիջոցներին էլ կհարվիրենք, կգաք, կտեսնեք, կլուսաբանեք»։ Համայնքից արդեն թույլտվություն ունեն, սպասում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանին, որն էլ, Իսկանդարյանի խոսքով, ևս 12 գերատեսչությունների հետ պիտի համաձայնեցնի, որպեսզի աշխատանքները լիարժեք կերպով ընթանան:

Արման Իսկանդարյաի նախկինում ղեկավարծ ՀՈԱԿ-ը, սակայն, տեղյակ չէ, որ դիակիզարան է կառուցվելու։ Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն նման նախաձեռնության մասին և հորդորեցին տարծքների տրամադրման, թույլտվությունների կամ պահանջվող ստանդարտների մասին հարցերն ուղղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Նկատենք, որ այս մասին ավելի վաղ հայտնել էր առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ողջունել նման նախաձեռնությունը։ Թորոսյանը նշում էր, որ կառուցվելու է երկու դիակիզարան։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա առաջ է քաշվում այն թեզը, որ ՀՀ-ում գերեզմանների համար հատկացվող տարածքները շատ ավելին են, քան օրինակ կանաչապատ տարածքները և վաղ թե ուշ բախվելու ենք այդ խնդրին։ Դիակիզարանից օգտվել, թե ոչ առայժմ որոշում է քաղաքացին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն