ԱՄՆ-ում մեքենաների գողերը կորեական մեքենաների մեջ հայտնաբերել են կրիտիկական խոցելիություն՝ նախորդ տարիների մոդելներում շարժիչը կարող է գործարկվել USB մալուխով։
Kia Boys կոչվող ավտոմեքենաների գողերի խումբը տեսանյութեր է հրապարակում, որտեղ պատկերված է, թե ինչպես են հաջողությամբ գողանում Kia-ի և Hyundai-ի մոդելները՝ օգտագործելով USB մալուխ: Ըստ Automotive News-ի, արտադրության որոշակի տարիների այս մեքենաները չունեն սովորական իմոբիլիզատոր, և եթե USB մալուխը միացնեք կոնկրետ միակցիչին, կարող եք շարժիչը գործարկել առանց բանալիի: Ենթադրաբար, լարերի մյուս ծայրը պետք է միացված լինի համակարգչին՝ ինչ-որ հատուկ ծրագրաշարով:
Անցյալ տարի Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում սկսվեց Kia-ի և Hyundai-ի ավտոմեքենաների գողության ալիքը: Գողությունների թիվն աճել է 2644%-ով։ Անցած սեպտեմբերին, ըստ ոստիկանության, օրական 20 մեքենա էին գողանում: Հանցագործները հիմնականում թիրախավորել են Kia մեքենաները 2011 թվականից սկսած և Hyundai մոդելները՝ 2015 թվականից սկսած:
Անցյալ տարի քաղաքի ոստիկանությունը սկսեց ղեկի մեխանիկական կողպեքներ բաժանել այս մոդելների տերերին՝ գողությունները կանխելու համար։
Kia America-ի դիլերներից մեկն ասաց, որ իրենք տեղյակ են գողության վիճակագրության մասին, և ընթացիկ մոդելային տարվա բոլոր մեքենաները կամ հագեցած են իմոբիլիզատորով, կամ կհագեցվեն ավելի ուշ:
