Կոտրել Ռուսաստանի ազդեցությունը․ ինչպես է Թուրքիան ամրապնդում իր դիրքերը Կենտրոնական Ասիայում

Փորձագետները կարծիք են հայտնում, որ Թուրքիայի ակտիվացումը Կենտրոնական Ասիայում՝ հակասում է Ռուսաստանի շահերին։

Թուրքիան շարունակում է Կենտրոնական Ասիայում իր ամրապնդման քաղաքականությունը։ Աֆղանստանում իրավիճակի լարվածության աճի համապատկերում` առավել արդիական է Թուրքիայի և միջինասիական երկրների համագործակցությունը։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ «Թալիբան» շարժման անդամներն (արգելված է Ռուսաստանում) արդեն դուրս է եկել Տաջիկստանի հետ ունեցած սահման։

Փորձագետներն այս համատեքստում գնահատում են Անկարայի նպատակները։ Եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք գործողությունների այսօրինակ զարգացում․ վերջերս Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարն այցելեց Տաջիկստան և Ղրղզստան։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի` Դուշանբե կատարած այցի վերաբերյալ ծանուցումները խոսում են այն մասին, որ Թուրքիան փորձում է ՀԱՊԿ անդամ այս երկրները դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Այս դիրքորոշումը հնչեցրել է Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Նադեին Ռաևսկին «Գազետայի» հետ հարցազրույցում։

«Չի կարելի մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ակտիվ անդամն է, և նրա դերը Հյուսիսատլանտյան դաշինքում չի նսեմացվում։ Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի ցանկացած դուրսմղման գործընթաց։ Իսկ այժմ Թուրքիան փորձում է մոբիլիզացնել Կենտրոնական Ասիայում իր դաշնակիցներին, ինչը բոլորովին էլ ՀԱՊԿ-ի շահերից չի բխում։ Խոսքը թուրքական ռազմական ուսումնական հաստատություններում կենտրոնական Ասիայի երկրների զինվորականների ուսման, ինչպես նաև զենքի գնման մասին է և այլն»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը հունիսի 28-ից մինչև հուլիսի մեկը Ղրղզստանում էր, իսկ այնուհետև՝ Տաջիկստանում։ Հայտնի է, որ Անկարան առաջարկել է Տաջիկստանին՝ խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում և կիսվել սահմանների անվտանգության պահպանման փորձով։ Աքարը նաև ծանուցել է Էրդողանի՝ Դուշանբե կատարելիք այցի մասին։

Նույնօրինակ զարգացում ակնկալվում է Բիշքեքի պարագայում։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է, որ Աֆղանստանում իրավիճակի բարդության հետ կապված և սպառնալիքի աճի պայմաններում՝ Ղրղզստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունն արդիական է և ժամանակին։ Ըստ որում՝ Թուրքիան մեկտեղել է իր ներքին հիմնախնդիրները և հասել նրան, որ Ղրղզստանը նրա հետ համագործակցում է FETO կազմակերպության դեմ պայքարում։ Հիշեցնենք, որ այդ կազմակերպությունը ղեկավարում է Ֆեթուլլահ Գյուլենը՝ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդը։

Որոշ ԶԼՄ-ներ ուշադրություն են դարձրել մի շարք խորհրդանշական իրողությունների վրա։ Աքարի պաշտոնական այցի ժամանակ Բիշքեքում կազմակերպվել էր լուսանկարների ցուցահանդես՝ «Հաղթանակ Ղարաբաղում» անվան ներքո ղրղզսական — թուրքական «Մանաս» համալսարանում, որի կազմակերպիչը Ադրբեջանի դեսպանությունն էր։ Նադեին Ռաևսկու կարծիքով՝ Մոսկվան թույլ է տալիս իր դաշնակիցների այս բանակցությունները, որովհետև չունի այս տարածաշրջանում կոնկրետ քաղաքականություն։

Մեր կողմից հավելենք, որ ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ ունենալով ընդանուր ծրագրեր և Թուրքիայից ինչ-ինչ կախվածություններ՝ Մոսկվան դեռևս չի կամենում առճակատել թուրքերի դեմ և Թուրքիայի քաղցրալեզու քաղաքականության դեմ չունի տեխնոլոգիաներ։

Այդպես է նաև Հայաստանի պարագայում․ ադրբեջանա-թուրքական դաշնային զորքերը տեղակայվել են Հայաստանի սահմաններից ներս, Ռուսաստանը լուռ չեզոքություն է հանդես բերում և ՀԱՊԿ-ն ադեկվատ գործողություններ չի ձեռնարկում, որովհետև ՌԴ-ն չի կամենում կորցնել իր թանկագին բարեկամին՝ Թուրքիային։ Մինչդեռ միանգամայն հակառակ դիրքորոշում է դրսևորում Տաջիկստանում․ ՀԱՊԿ-ը պատրաստ է հսկել տաջիկա-աֆղանական սահմանը, և այդ գործողությունները Ռուսաստանը համարում է ծրագրային պայմանավորվածություն։

Ստացվում է, որ նախ՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավասարազոր արտոնություններ չունեն ՀԱՊԿ-ի շրջանակներում, և հետո՝ Կենտրոնական Ասիայի թրքալեզու բոլոր ժողովուրդները համախբվում են Թուրքիայի շուրջ։ Թրքացման ընթացակարգերը փաստորեն ամբողջական տեսքի են բերվում Կենտրոնական Ասիայում։ Այս իրողությունները չեն դրսևորվում միայն մշակութային և հումանիտար հարթակներում, սերտաճման գործընթացները գնում են նաև պաշտպանության և ռազմական բնագավառներում։

Այսպիսով, ՀԱՊԿ կազմի բոլոր թրքալեզու երկրներում առկա է ՆԱՏՕ-ի հետ սերտաճման միտում և հակվածություն։ Իսկ Ռուսաստա՞նը․․․ Միգուցե Ռուսաստանն էլ է գնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ սերտաճման՝ հաշվի առնելով նրա սերտ կապերը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թրքալեզու երկրների հետ։

Հայաստանն այստեղ մտածելու տեղ ունի։ Նախ՝ խախտվել է ՀԱՊԿ կանոնադրության հաշվեկշիռը․ այսինքն՝ կազմակերպության անդամներն ունեն նույն պարտականությունները, իսկ իրավունքների և արտոնությունների ոլորտը, կոնկրետ Հայաստանի դեպքում, նույնը չէ։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Կենտրոնական Ասիայում թրքացման գործընթացները սկսվել են Գորբաչովի պերեստրոյկայի քաղաքականությունից հետո, երբ նա, այսպես ասած, հակվեց դեպի միաբևեռ աշխարհը և Միացյալ Նահանգների հանդեպ չդրսևորեց մրցակցային ոգի։ Մենք այդուհանդերձ չգիտենք Պուտինի Ռուսաստանի հակվածությունները, միգուցե Պուտինի Ռուսաստանն  էլ է հակված Թուրքիայի և ՆԱՏՕ-ի կողմ։ Դժվար է ասել։ Սպասենք զարգացումներին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն