Մի գործ է լինել խորհրդարանական ընդդիմություն և «ում ասես ինչ ասես քննադատել», մեկ այլ գործ, երբ համարվում ես վարչապետ

EADaily հրատարակությունը վկայաբերում է ՌԴ խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովի կարծիքը, ով «բարի նշան» է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո, վերջինիս այցը Մոսկվա։ Նրա կարծիքով՝ կարևոր իրողություն է, որ Փաշինյանն առաջինը այցելեց հենց ՌԴ-ի մայրաքաղաք, քանի որ հայկական ղեկավարությունն ըմբռնում է, թե որքան կարևոր է տարածաշրջանում անվտանգության հարցերով կոոպերացիան Ռուսաստանի հետ, մանավանդ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի պարագայում։
Քաղաքական մեկնաբան Արմեն Գասպարյանն իր հերթին կարծիք է հայտնել, որ նախկին հաշվարկները, թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան, կամ մեկ այլ արևմտյան տերություն կարող են Հայաստանին օգնել մարտահրավերների հարցում՝ չարդարացան։
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ փոխակերպում։ Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ այլ հայացքներով՝ բախվեց բոլորովին այլ իրականության։ Մի գործ է լինել խորհրդարանական ընդդիմություն, երբ կարող ես «ում ասես ինչ ասես քննադատել», սակայն մեկ այլ գործ է, երբ դու համարվում ես երկրի վարչապետ»,- ձևակերպել է Գասպարյանը։
Մեր կողմից հավելենք, որ եթե նույնիսկ բոլոր հարցերում անհավասարակշիռ և սպոնտան անձնավորություն Փաշինյանը հասունացավ Հայաստանի ամենաողբերգական իրադարձությունների միջով անցնելիս՝ այդուհանդերձ, նրա հասունացումը Հայաստանի վրա շատ թանկ արժեցավ։
Հայազգի փորձագետը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որը քննարկում էր հանրապետության սահմանամերձ տարածքներում անվտանգության ուժեղացման հարցերը, ինչպես նաև Մոսկվայի միջնորդությամբ՝սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը։
Փաշինյանը միաժամանակ Պուտինի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ ակնարկել է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, սակայն Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են անկայունության  օջախներ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն