Պարո՛ն Փաշինյան, հիմա Ձեզ պողպատե մանդատ տվել է շուռնուխցի՞ն, թե՞ էյվազլուցին կամ չայզամցին. Pastark.am (տեսանյութ)

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր խոսքում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ադրբեջանական անվանումներով ներկայացրեց ՝ «Էյվազլի» և «Չայզամի»։ Պատահակա՞ն է սա, թե թշնամուն հստակ «տարածաշրջանային խաղաղության» հաստատման մեսիջ է ուղղում։

Ճանապարհը տալու մասին մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյա՞կ էր, թե՞ ոչ։ Փաստերն իրար հակասում են։

«ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր»,- ասել է Փաշինյանը։ Նա Ադրբեջանին սովորականի պես նույնիսկ չհորդորեց և կոչ չարեց լքել հայկական միջպետական ճանապարհը։ Փոխարենը հայտարարեց, որ այս իրավիճակը կանխատեսելի էր։ Ուստի իրենք այլընտրանքային լուծում ունեն՝ ՎԱՂՈՒՑ սկսել են նոր ճանապարհի կառուցումը։ ՀՀ փաստացի գործող իշխանությունը հաշտ է տարածքներ զիջելու արատավոր սովորույթի հետ։

Գուցե հենց դրա համար է, որ հարևան երկրի բռնապետը կասկածի տակ է դնում ՀՀ ինքնիշխանությունը և ոչ մի պատասխան չի ստանում։ Գուցե այս կոնցեպտի տակ է թաքնված նաև մայիսի 12-ին ադրբեջանցիների ներխուժումը Սյունիք և մինչ այժմ այնտեղից դուրս չգալու փաստը։ Այս կետերի մասին ոչ մի բառ չկա ոչ նոյեմբերի 9-ին և ոչ էլ հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթերում։

Սրա մասին վերելակո՞ւմ են պայմանավորվել, թե՞ «ուղիղ կապի» միջոցով, որն էլ պատճառ դարձավ, որ երկրում տևական ժամանակ ԱԳՆ չլինի։

Փաստաթուղթ կա՞, կա՞ փաստաթուղթ, որի մասին ՀՀ քաղաքացին դեռ չգիտի կամ կիմանա ավելի ուշ, բայց ասենք մեկ այլ քաղաքական գործչի խոհանոցից։ Պարո՛ն Փաշինյան, հիմա Ձեզ պողպատե մանդատ տվել է շուռնուխցի՞ն, թե՞ էյվազլուցին կամ չայզամցին։

Եվ այս քաղաքական թիմը դեռ երկրի թիվ մեկ ամբիոնից այլոց մեղադրում է դավաճանության, հողատու լինելու և իրենց մեղսագրվող այլ հանցանքների մեջ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն