Պատգամավորները «պատիվ տալու սեղանի» համար բյուջեից կստանան հինգ անգամ ավել գումար

ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն այսօր քննարկեցին և առաջին ընթերցմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական գումարը հնգապատկել՝ 50 000 դրամը դարձնելով 250 000։
ԱԺ նիստում Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ՝ հավելելով, որ նախագիծը բխում է հանրության շահերից. «Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, ովքեր մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»:
Մոտ 800 000 դրամ ամսեկան աշխատավարձ ստացող պատգամավորներին, ովքեր ստանում են նաև հսկայական ամսեկան պարգևավճար (գրեթե աշխատավարձի չափով), 50 000 դրամը չի բավարարում, իսկ ավելացումն էլ, փաստորեն, բխում է «հանրության շահերից»։
Իսկ արդյո՞ք հանրության շահերից է բխում թոշակառուների 30 000 դրամ թոշակը կամ հանության ո՞ր շահից է բխում 68 000 դրամ աշխատավարձը։
Իսկ ի՞նչ է անելու պատգամավորն այդ հնգապատիկ ավելացված գումարով։ Ենթադրաբար` երբեմն այցելելու է քաղաքացիներին ու գյուղացիներին և հիշեցնի, որ «Ապագա կա»։ Հավանաբար «ապագա կա» հենց այն քաղաքացու համար, ով ստանալով 68 000 դրամ՝ պատագմավորի վառելիքի համար չի ափսոսում վճարել ամսեկան քարրորդ միլիոն դրամ։
Վիկտոր Ենգիբարյանը Բակբկե Թունյանի հարցին ի պատասխան ասաց, որ նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. «2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ»: Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի։ «Պանդեմիայի ընթացքում էլ խորհրդարանը տնտեսել է և բյուջե է վերադարձրել մոտ 1,4 միլիարդ դրամ»:
Օրվա ընթացքում հարցը մեկնաբանել էր նաև հանրահայտ Հովիկ Աղազարյանը, ով նշել էր, որ հանդիպումների ժամանակ «սեղանի ծախսը փակելու համար» պատգամավորներին չի բավականացնում 50 000 դրամը (թոշակառուի ստացածի գրեթե կրկնապատիկը)։ Ինչպես ասում են` քաղաքացու գրպանի հաշվին սեղանի հաշիվ են փակում։
35 000 դոլար գումար ունենալու համար, այսօր մեկ այլ նախագծով՝ Աժ-ն քննարկում էր լրացուցիչ հարկատեսակով  պղնձի խտանյութի արտահանումը հարկելու հարցը։ Այդ նախագծի քննարկման ժամանակ հայտնեցին, որ բյուջեի միջոցները բավականին սուղ են։ Իսկ պատգամավորների աշխատավարձերը «մեջ մեջ» անելու համար բյուջեն ծփում է ծովի պես։ Այստեղ ամենակարևորն է. խրոխտ ձայնով և մուրճը ձեռքին սահմանը պահող գյուղացուն ասել. «Ապագա կա»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն