Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը

Հուլիսի 6-ին ռուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ ի նշան վեհաժողովի անդամների կողմից կանոնակարգի խախտման դեմ բողոքի։ Առաջինը նիստը լքել է ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Եթե դուք կամենում եք աշխատել կանոններով, ապա դրանք պետք է պահպանել, եթե ցանկանում եք ընդունել քաղաքականացված միակողմ որոշումներ՝ դա Ձեր իրավունքն է, սակայն մենք դրան մասնակցել չենք կարող»,- ասել է Տոլստոյը և լքել դահլիճը։

Ավելի վաղ Տոլստոյը նախազգուշացրել է հակառուսական բանաձևի քվեարկության անընդունելիության մասին, որն առաջարկել են Ուկրաինայի պատգամավորները։ Տեսախորհրդաժողովի աշխատակարգից հրաժարվել է նաև Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

«Մենք աջակցում ենք մեր ղեկավարին և անջատում ենք տեսախորհրդաժողովը»,- ասել է նա։

Նա բացատրել է, որ վերջին պահին սադրիչ բանաձևերի քննարկումները խախտել են ընթացակարգային կանոնները: Դրանցից մեկը վերաբերում էր Բելառուսին, իսկ մյուսը, որ ներկայացված էր ուկրաինական պատվիրակության ներկայացուցչի կողմից, ակնհայտորեն հակառուսական բնույթ ուներ:

«Ռուսական պատվիրակությունը դեմ է հանդես եկել այդ բանաձևերին, սակայն քվեարկությունը կայացել է՝ ըստ որում խախտելով խորհրդաժողովի կանոնակարգը։ Բանաձևի շուրջ ոչ մի բանավեճ չի եղել, այդ թվում՝ վերջին պահին չեղարկել են ընդհանուր մտքերի փոխանակությունները՝ միջազգային արդի հարցերի շուրջ։ Նրանք ակնհայտորեն վախեցել են այդ բանավեճերից։ Մենք խորապես վրդովված ենք այդ իրավիճակից և աջակցելով մեր պատվիրակության ղեկավարին՝ անջատել ենք հեռարձակումը։ Եվ մենք, և մեր գործընկերները՝ Պետական դումայից»,- ասել է Ջաբարովը։

Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը հասցրել է քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնատար անձանց ընտրությունների ժամանակ։

Հուլիսի 6-ին Դոնբասի հարցերով քաղաքական ենթախմբի առաջին հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ նոր համակարգող Սիլվի Բերմանի մասնակցությամբ, Կիևի ներկայացուցիչները ցուցադրաբար լքել են հանդիպումը: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Նատալյա Միխայլովայի խոսքով՝ ուկրաինական կողմը քաղաքական խմբի գործունեության վեց տարի ու չորս ամսվա ընթացքում խափանել է հանդիպումների 70% -ը: Հուլիսի 6-ի հանդիպումը բացառություն չէր: Ուկրաինայի դիրքորոշումը բացարձակ հակասում է ցանկացած կառուցողական բանակցային գործընթացի սկզբունքներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն