«Սամվել Բաբայանը կլինի այն մարդը, ով Փաշինյանին կուղղորդի, թե որ գեներալի վրա ինչ գործ կարեն». Գառնիկ Իսագուլյան

«Իհարկե, Փաշինյան Նիկոլին քավության նոխազներ են պետք, մարդիկ, որոնց գլխին կարելի կլինի կոտրել արցախյան պատերազմում ունեցած նվաստացուցիչ պարտության ողջ մեղքն ու պատասխանատվությունը և ամենահարմար խավը, այդ գործի համար, անկասկած, ՀՀ բանակի գեներալիտետն է՝ Գխավոր շտաբը` հատկապես»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մոտ ապագայում Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն, որով օրվա իշխանությունները կփորձեն իրենց վրայից մաքրել արցախյան վերջին պատերազմի դաժան պարտության ծանր բեռը։

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ չմոռանանք, թե ինչ է այս թեմայով հայտարարել կապիտուլյանտ վարչապետը՝ ինքը պատերազմի հետևանքների գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ մեղավորը։ Հետևաբար, գեներալիտետն այս պահին քրեական հետապնդումների թիրախում է և չի բացառվում, որ ամենամոտ ապագայում այս առնչությամբ աղմկահարույց դատական գործընթացների ականատեսը դառնանք. «Առաջին և հիմնական մեղավորները կլինեն նրանք, ովքեր պատերազմի ընթացքում ռազմի դաշտում են եղել, իսկ մեղավորների շարքը կգլխավորի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Նիկոլ Փաշինյանը մի այնպիսի երևույթ է, որ Աստված մի արասցե, վաղը կարող է քնից արթնանալ և հայտարարել, որ արևն այսուհետ պետք է արևմուտքից ծագի։ Հավատացեք, նույն պահից՝ արևն արդեն կծագի արևմուտքից և մայր կմտնի արևելքում։ Այնպես որ, այն փափուկ բարձը, որ նա միայն իրեն հատուկ մանիպուլացիաների գործադրմամբ, դրել է բարձրաստիճակն սպայական անձնակազմի գլխի տակ՝ հավատացնելով, թե քրեական գործեր չեն հարուցվելու, մեղմ ասած՝ լկտի սուտ է»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատասխանատավություն կրողների շարքում կարող է հայտնվել նաև Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, որի անվան հետ է կապվում, ըստ Արցախի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ քիչ հավանական է, որ օրվա իշխանությունների օրոք Սամվել Բաբայանը քրեկան հետապնդման ենթարկվի, հակառակը՝ Սամվել Բաբայանը կլինի այն մարդը , ով Փաշինյանին կուղղորդի, թե որ գեներալի վրա ինչ գործ կարեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում Արցախում պատերազմ էր և Անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն էր։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

 

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն