Ում հաշվին է Առողջապահության նախարարությունը լավություն անում օտարներին

Շուրջ երկու շաբաթ է, լրատվամիջոցները բարձրաձայնում են, որ ՀՀ հարկատուների ֆինանսական միջոցներով գնված COVID19-ի դեմ պատվաստանյութերից օգտվում են օտարերկրացիները` հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով։ Համացանցում լայնորեն տարածվում է այն թեզը, որ այդ քաղաքացիների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Տարածվում են նույնիսկ այդ երկրի դրոշը կրող քաղաքացիների լուսանկարներ։

 

 

Որքանո՞վ է սա ազգային աանվատնգությանը սպառնացող խնդիր: «Փաստարկ» լրատվականը հետաքրքրվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանից, սակայն վերջինս ասաց, որ չի վստահում համացանցային աղբյուրներին և խորհուրդ տվեց թշնամիներին նկարելուց և նման դեպքեր ֆիքսելուց հետո դիմել համապատասխան մարմիններին: Իսկ եթե նախարարությունը տնտեսական այս իրավիճակում կարողանում է պատվաստել նաև օտարերկրացիներին, ապա դրանում ոչ մի խնդիր չի տեսնում:

Խնդիրն ակնառու դառնալուց հետո, ՀՀ ԱՆ-ն որոշեց սահմանափակում մտցնել։ Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ օտարերկրացիները կպաստվաստվեն միայն AstraZeneca պատվաստանյութով և այն դեպքում, երբ 10 օր և ավելի երկար գտնվելու են Հայաստանում։ Նոր սահմանափակումը գործելու է հուլիսի 15-ից, իսկ մինչ այդ օտարերկրացիները գիշերում են Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստումային մեքենայի դիմաց։ Նրանք դեռ հնարավորություն ունեն ՀՀ քաղաքացիների նույն իրավունքներով պատվաստվել օրինակ` Սպուտնիկ V-ով: Գուցե սա՞ է հերթերի գոյացման պատճառը:

Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ տուրիստական ընկերությունները տուր փաթեթ վաճառելիս ներառում են այն կետը, որ ՀՀ-ում կարող են անվճար պատվաստվել: Նկատենք, որ ՀՀ-ին հաջողվել է COVAX ծրագրի շրջանակներում AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել 4 դոլարով, 25 դոլարի փոխարեն: Մեկ 4 դոլլար արժողությամբ պատվաստանյութով պատվաստվում է 5-6 քաղաքացի: Առաջարկն, իհարկե, մատչելի է, սակայն այդ 4 ԱՄՆ դոլլարը կրկին վճարվում է ՀՀ հարկատուների գրպանից:

Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ սա մարդասիրական քայլ է և հույս է հայտնում, որ ՀՀ-ի այս մարդասիրական քայլը կընդունվի նաև այլ երկրներում և այնտեղ հայերը նույնպես կպատվաստվեն անվճար: Իսկ արդյո՞ք այդ «անվճար» հերթերը վարակվածության ցուցանիշի վրա ազեցություն չեն ունենա, դեռ պարզ չէ…

 

Նշենք, որ վարակված անձանց թիվը գնալով աճում է, և հանրության շրջանում սկսում է խոր արմատներ գցել այն համոզմունքը, որ պատվաստումներն ինքնին կդառնան կորոնավիրուսի չորրորդ ալիքի պատճառ։

Ի դեպ նախարարությունը մշակում է նոր օրինագիծ, որով պատվաստումները դառնալու են կամավոր, բայց պարտադիր:

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն