Ում կշնորհվի ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ 2020 ամոթալի մրցանակը: ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Այսօր, 20.10.2021թ-ին, «Հայոց Հայրենիք» կուսակցության բողոքը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրության արդյունքում տեղի ունեցած Մարդու Իրավունքների խախտումների փաստերն արձանագրելու պահանջով, ուղարկվեց Եվրոդատարան:
Բողոքի հիմքում մասնավորապես դրված են հետևյալ հանգամանքները՝
1․ Ընտրություններն ի սկզբանե կազմակերպվել են այնպես, որ ընտրելու հնարավորությունից զրկված են եղել նվազագույնը 912․572 ընտրող, այդ թվում նաև ընտրողների 6%-ը կազմող հաշմանդամություն ունեցող 156 000 ընտրողները:
2․ Ի սկզբանե, խախտվել է ընտրությունների գաղտնիությունը, չքվեարկած քվեաթերթիկների համար մեծ՝ փակ արկղների բացակայության արդյունքում, ամեն հաջորդ ընտրող հստակ կարողացել է վերահսկել իր նախորդ ընտրողի քվեարկության արդյունքը:
3․ Ի սկզբանե քվեաթերթիկի նմուշը հաստատվել է օրենքի խախտմամբ և դրանք ՀՀ ամբողջ տարածքում եղել են հաշվարկման ոչ ենթակա, բացի այդ, դրա վրա նշված չի եղել ընտրության կարգի մասին ծանուցումը, որն էլ հանգեցրել է խառնաշփոթի` ընտրության ընթացքում:
4․ Քվեաթերթիկներում բացակայել է բոլորին դեմ քվեաթերթիկը, ինչի արդյունքում բոլորին դեմ քվեարկող ընտրողները զրկված են եղել իրենց կամքը արտահայտելու՝ քվեարկելու ու այդ քվեները հաշվարկվելու իրավունքից։
5․ Տեղամասերը չեն ապահովվել համապատասխան չափի չհրկիզվող պահարաններով, որի արդյունքում գրեթե բոլոր ընտրական տեղամասերում քվեաթերթիկները օրենքի խախտմամբ չհրկիզվող պահարաններում չեն պահվել, իսկ առավոտյան էլ չի պահպանվել քվեարկությունը սկսելուց առաջ ընտրական օրենսգրքով հանձնաժողովներին առաջադրվող գործողությունների շարքը և դրանց արձանագրումը, որն էլ ավելացրել է ընտրակեղծիքների ռիսկը:
6․ Ընտրության նախապատրաստության և անցկացման ընթացքում ՀՀ-ում իշխանությունն առերևույթ եղել է զավթված վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, վերջինս նախագահի փոխարեն նշանակել է ընտրության օր: Իշխանության զավթումը ՔՊ-ին տվել է առավելություն մյուսների նկատմամբ, անարգել օգտվել և չարաշահվել են և՛ պետական միջոցները, և՛ վարչական ռեսուրսը։
7․ Արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասսայական հոսանքազրկում, համատարած բաժանված ընտրակաշառք, ընտրակեղծիքներ, ուղղորդումներ, ընտրողներին հարկադրել և այլն)։ Ստացվել է 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Ամբողջ ընտրական գործընթացի ժամանակահատվածը՝ նախընտրական քարոզչությունը և ընտրություններն ուղեկցվել են ատելության խոսքով։
8. Որպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից ընտրությունները առերևույթ կեղծելու լավագույն ապացույց ներկայացված է նաև ՏԻՄ ընտրության արդյունքները, երբ նույն ՔՊ-ն ընտրություններից 4 ամիս անց Գորիս, Գյումրի, Մեղրի և այլ համայնքներում պարտվել է իր մրցակիցներին` հավաքելով մի քանի անգամ պակաս ձայն քան ԱԺ ընտրություններին:
Հ.Գ.
Հիշեցնեմ որ վարչապետի աթոռը զբաղեցնողը հրապարակային խոստացել էր, որ եթե կեղծվի գեթ մեկ ձայն, ապա ինքը կկտրի իր ձեռքերը:
Հարուցված քրեական գործերn արդեն իսկ վկայում են կեղծված ձայների մասին: Հուսանք` Եվրոդատարանը նույնպես հավուր պատշաճի կգնահատի ՀՀ ամենախայտառակ ընտրությունները, որից հետո պարզ կդառնա վարչապետի աթոռը զբաղեցնողը կդառնա կռնատ թե ոչ և ում կշնորհվի ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ 2020 ամոթալի մրցանակը:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն