Ընտրվել է նոր Միսս աշխարհ

«Միսս աշխարհ 2021» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել լեհ Կարոլինա Բելյավսկան։ Այս մասին ասվում է մրցույթի կայքում։

Պարգևատրման արարողությունը կայացել է Պուերտո Ռիկայի Սան Խուան քաղաքում։ Թագը ներկայացրել է «Միսս աշխարհ — 2019» տիտղոսակիր Թոնի-Անն Սինգհը Ջամայկայից։

Մրցույթին մասնակցել է 97 աղջիկ տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրաքից և Սոմալիից, երկու երկրներ, որոնք առաջին անգամ են իրենց ներկայացուցիչներին ուղարկել «Միսս աշխարհ»։ Եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 40 մասնակից։

Այս տարի «Միսս աշխարհ»-ում Ռուսաստանը չի ներկայացել. 2020 և 2021 թվականներին «Միսս Ռուսաստան» մրցույթը, որի հաղթողները մրցում են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» տիտղոսների համար, չի կայացել COVID-19 համաճարակի պատճառով։

2021 թվականին լողազգեստների մրցույթը, որը չեղարկվել էր մի քանի տարի առաջ, վերադարձավ «Միսս աշխարհ» ծրագիր։ Եզրափակչի մասնակիցները մրցեցին նաև մի քանի լրացուցիչ անվանակարգերում: Դեռ դեկտեմբերին տաղանդների մրցույթում հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Բորտե-Ուջին Անուն, լավագույն մոդել է ճանաչվել Կոտ դ’Իվուարից Օլիվիա Յասեն, իսկ սպորտային մրցույթում՝ Մեքսիկայից Կարոլինա Վիդալեսը։

«Միսս աշխարհ» եզրափակիչը ի սկզբանե պետք է կայանար 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, սակայն արարողությունը վերջին պահին չեղարկվել է COVID-19-ի բռնկման պատճառով։ Մրցույթի 23 մասնակից և 15 աշխատակից հիվանդացել էին։ Մեկ շաբաթ անց որոշվեց մրցանակաբաշխությունը տեղափոխել 2022 թվականի մարտ։

Ավելի վաղ հաղորդվել էր , որ «Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն։ Մրցույթի եզրափակիչն անցկացվել էր Իսրայելի Էյլաթ քաղաքում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն