«Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի. մայիսի 15-ից գործող բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի». Ատոմակայանի տնօրեն

«Հայաստանում էլեկտրոէներգիայի գլխավոր աղբյուր հանդիսացող ատոմային էլեկտրոկայանի ապագան լրջորեն վտանգված է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ու հավելել, որ 2015-2016 թթ. «Ռոսատոմի» հետ միջկառավարական համաձայնագիր կար և ռուսական վարկի միջոցով, 10 տարվա հեռանկարով, սկսվել էր գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, միաժամանակ գործող բլոկի շահագործման ժամկետները պատրաստվում էին երկարացնել՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը. «Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի, սակայն, հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն իրենց բլոկներում այդպիսի փորձ ունեն, մենք հուսով ենք, որ ռիսկի գործոնը շատ փոքր է»,- ասում է ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը:

Մովսես Վարդանյանը նկատում է՝ աշխատանքների կազմակերպման առումով, 2021թ. նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը ամենաբարդերից է: Վերջինս տեղեկացնում է նաև, որ մայիսի 15-ից ԱԷԿ-ի գործող բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այդ ընթացքում կիրականացվեն անվտանգության բարձրացման աշխատանքներ, իսկ 2021-ի վերանորոգումից հետո կառույցը կարգավորող մարմնից նոր լիցենզիա կստանա:

Տեղեկացնենք, որ մինչև նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլացիոն խայտառակ ակտի ստորագրումը, Հայաստանի Հանրապետությունն Արցախից մատչելի գնով էլեկտրոէներգիա էր ստանում, սակայն, պատերազմի ընթացքում տարած պարտությունից հետո, Արցախում էլեկտրոէներգիա արտադրող ՀԷԿ-երի մեծ մասն անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:

Հիշեցնենք նաև, որ Մեծամորի ատոմակայանի հետ կապված ծրագրերն անխափան ընթացքով էին ընթանում, մինչ այն պահը, երբ օրվա իշխանությունները որոշեցին, որ «Ռոսատոմի» հետ միջկառավարական համաձայնագիրն ու դրա շրջանակներում տրամադրվող ռուսական վարկի հանձնառումը Հայաստանի Հանրապետության համար համարում են աննպատակահարմար:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն