2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՄԻՊ աշխատակազմը երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք է ստացել

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք է ստացել 753 անձից: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն: Ստացվում է, որ ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության լուրջ խնդիրներ կան, իսկ հոգաբարձության և խնամակալության մարմինները, մեղմ ասած, թերանում են իրենց աշխատանքում։ Ըստ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության` Պաշտպանին են հասցեագրվել ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումը չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:

ՄԻՊ-ից հայտնում են․ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացրած որոշումների իրավաչափությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն»,- եզրակացրել է Պաշտպանը:

Այս խնդիրը գունցե նաև առաջանում է այն պատճառով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հայտարարված մրցույթներում միշտ հաղթում է նույն ընկերությունը։ Իսկ եթե փորձագետները տրված եզրակացության համար պատասխանատվություն կրեին, որակային փոփոխություններ կլինեն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև` հետագայում նման խնդիրների բացառումը: Դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ` բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցներ է ձեռնարկել:

«Աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարևորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն