300 հազար դրամից ավել կանխիկ ծախսեր չեք անելու․ քյաշ փողերի վերջն ուզում են տալ. Hayeli.am

2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս նորմը չպահպանելու համար սահմանվել են տուգանքներ` գրում է Hayeli.am-ը։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ «պետք է ամեն ինչ անել Հայաստանում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»։ Նա կարևորել է հատկապես փոփոխությունների «հակակոռուպցիոն իմաստը»:

Այդ նպատակով կառավարությունը հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Կառավարության կողմից հավանության արժանացած “Անկանխիկ գործառնությունների մասին” օրենքի նախագիծը սակայն ունի մի շարք խնդրահարույց դրույթներ։
Դիցուք, օրինակ առողջապահության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ մարդիկ հաճախ տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև հարազատներից ու ծանոթներից վերցրած պարտքով կամ աջակցությամբ մի կերպ կարողանում են վճարել հիվանդանոցներին։ Հայաստանում այսօր արդեն միջին ծանրության ցանկացած բուժական ծառայություն 300 հազար դրամից թանկ արժի։ Ստացվում է, որ հիվանդը պարտավոր է վճարումը կատարել անկանխիկ եղանակով։ Առձեռն վճարելու դեպքում հիվանդանոցը, որպես իրավաբանական անձ կարող է խնդիր ունենալ, հետևաբար հիվանդները արհեստական քաշքշուքի առաջ են կանգնելու։

«Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, որովհետեւ այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում եւ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունն, իհարկե, էականորեն մեծացնում է նաեւ պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ սահմանափակումներ են դրվել կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ:

Բազմաթիվ ոլորտներում անկանխիկ վճարների պարտադիր պահանջը խոչընդոտում է քաղաքացիներին ստանալ որակյալ և պատշաճ սպասարկում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև արտաքին դրամական տրանսֆերներ է ստանում տարբեր երկրներից։ Խոշոր հաշվով, եթե այդ գումարները սպառվում են Հայաստանում, կնշանակի դրանք այս կամ այն կերպ նպաստում են բյուջետային մուտքերի ձևավորմանը։ Դիցուկ, եթե քաղաքացին արտասահմանից իրեն ուղարկված գումարները ծախսում է որևէ ռեստորանում, կամ հագուստ և կենցաղային իրեր է գնում, ապա նպաստում է նաև բյուջեի մուտքերի ավելացմանը, քանի որ ձեռքբերված ապրանքի գնի մեջ հաշվարկված է նաև ավելացված արժեքի հարկը։ Բայց, փաստորեն, այսքանը չի բավարարում պետությանը։
Կառավարությունը պատրաստվում է պարտադրել անկանխիկ գործարքներ և դրանից հրաժարվելու դեպքում` պատրաստվում է պատիժներ կիրառել։

Սա կարող է բերել նրան, որ մի շարք միջին մեծության ծախսեր կարող են արատահոսել դեպի հարևան երկրներ, օրինակ` Վրաստան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն