Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են

Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր ծննդավայր Աբովյանում ՔՊ-ի կրած պարտության հետ։ Դա իր անձնական պարտությունն է համարում` գրում է «Հրապարակը»։

Երկրորդ անգամ ՔՊ-ն չի կարողանում քաղաքը ԲՀԿ-ի ձեռքից վերցնել։ Երեկ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոսին կանչել է իր մոտ ու «նախշել» պարտության համար։ Եվ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն տարածեց, որ որոշել է բողոքարկել Աբովյանում ընտրությունների արդյունքներն ու վերահաշվարկ իրականացնել 25 տեղամասերում, որովհետեւ մեկ մանդատի պատճառով իրենք չեն կարողանում կոալիցիա կազմել «Հանրապետություն» կուսակցության հետ եւ իշխանություն ձեւավորել։

Հիշեցնենք․ Աբովյանում մասնակցում էր 4 ուժ՝ ԲՀԿ, ՔՊ, ՀՅԴ, «Հանրապետություն»։ ԲՀԿ-ն 46.1 տոկոս է հավաքել, ՀՅԴ-ն՝ 5.1, եւ կոալիցիայի դեպքում կստացվի 50 տոկոսից ավելի։ Իսկ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ձայները միասին 49 տոկոս են, եւ հիմա հույս ունեն վերահաշվարկով ավելացնել ՔՊ-ի կամ «Հանրապետության» ձայները։ Թեեւ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն որեւէ խախտում չի արձանագրել, հակառակը՝ մի բան էլ ընդդիմությունն էր պարբերաբար ահազանգում ՔՊ-ի կողմից ապօրինությունների, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահների կողմից ուղղորդումների, ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու մասին։ Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկը երեկ մեկնարկել է, ԿԸՀ անդամների ներկայությամբ 4 տեղամասում բացել են արկղերը եւ արդյունքում՝ ԲՀԿ-ի ձայները մի բան էլ ավելացել են, իսկ ՔՊ-ինը՝ պակասել։

Մասնավորապես, այդ 4 տեղամասից երկուսում որեւէ թիվ չի փոխվել, մեկում՝ թիվ 29/35 տեղամասում, 2 ձայն ԲՀԿ-ից է պակասել, 3 ձայն՝ ՔՊ-ից, մյուս ուժերի քվեները նույնն են մնացել։ Իսկ չորրորդ տեղամասում ՔՊ-ի ձայները պահպանվել են, փոխարենը ավելացել են ԲՀԿ-ի ձայները՝ անվավեր ճանաչված 7 քվեաթերթիկ հաշվվել է ԲՀԿ-ի օգտին եւ 396-ից դարձել է 403։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն