«Հայաստանում թուրք — ադրբեջանական փողերով հսկայական ծավալի պետականաքանդ աշխատանքներ են տարվում, այդ թվում նաև՝ Հայոց Ցեղասպանության հարցի չեղարկման ուղղությամբ». Գառնիկ Իսագուլյան

«Գոյություն ունի բաց ինֆորմացիա այն մասին, որ 2019, 2020 թվականներին Ադրբեջանից Հայաստան տարեկան մտել է 211 մլն. դոլար։ Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում, Ադրբեջանից Հայաստան է մտել մոտավոր հաշվարկով 422 մլն. դոլար։ Մենք խոսել ենք նաև այն մասին, որ մինչ հեղափոխությունը, նույն ճանապարհով, Հայաստան է մտել 48 մլն. դոլար, որն օգտագործվել է իշխանափոխություն իրականացնելու համար։ Սրանք թուրք- ադրբեջանական ծագում ունեցող փողեր են, որոնց ներկրողների անուններն, անգամ, հայտնի են»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում` անդրադառնալով թշնամի երկրների կողմից Հայաստան ներկրված միլիոնավոր դոլարների և դրանց իրացման ծրագրերի մասին։

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ վերջերս տեղեկություն ստացվեց այն մասին, որ նույն աղբյուրներից կրկին Հայաստան է ներկրվել, այս անգամ արդեն, մոտ 130 մլն. դոլար գումար՝ արտահերթ ընտրություններ իրականացնելու և այդ ճանապարհով օրվա իշխանությունների, իսկ ավելի հստակ՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրման համար. «Չեմ բացառում, որ իշխանությունների կողմից այդ գումարի շրջանակներում պետականաքանդ այլ տեսակի աշխատանքներ նույնպես կատարվում են, այդ թվում նաև՝ Արա Պապյանի միջոցով, որ հիմա ԱՄՆ -ում է, Խառատյանների ընտանիքի միջոցով, ովքեր վերջին տարիներին ակտիվորեն լծված են Հայոց Ցեղասպանության չեղարկման աշխատանքներին և այլն։ Կարծում եմ, կարիք չկա հավելյան անգամ ընդգծել, թե որտեղից են գալիս այդ գումարները և հարևան որ պետությունն է շահագրգռված՝ Հայոց Ցեղասպանության չեղարկման խնդրով։ Հետևաբար, չեմ բացառում, որ թուրք – ադրբեջանական պատկանելության` Հայաստան ներկրված գումարները կարող են ծառայել նաև այս տարի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 106-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկելու համար»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդը։

Ամփոփելով զրույցը` Գառնիկ Իսագուլյանն ընդգծում է՝ թրքական կողմից օրվա իշխանություններին իջեցված հրահանգները հատկապես ակնառու են դառնում վերջին շաբաթների ընթացքում իշխանության՝ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների բերանով թուրքերի հետ հաշտվելու, նրանց ներելու, նրանց հետ բարեկամանալու կոչերը: Չխոսենք այն մասին, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարում է, թե ինքը չի հասկանում, թե որտեղից է ծագել հայերի և թուրքերի միջև առկա դարավոր թշնամանքը. «Ուրեմն, ամփոփելով այս ամենը, հաստատում ենք՝ այո, Հայաստանում թուրք-ադրբեջանական փողերով հսկայական ծավալի պետականաքանդ աշխատանքներ են տարվում, այդ թվում նաև՝ Հայոց Ցեղասպանության հարցի չեղարկման ուղղությամբ, որի հետևանքներին մենք ականատես կլինենք ապրլի 24-ին և դրա նախօրեին»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն