Քրիստոնեական հուշարձաններին ոչինչ չի սպառնում. Փաշազադեն կրկին մոլորեցնում է


Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ` համայն հայության կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցին։ Նա հայտարարել է, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների՝ <<նվաճման ժամանակ>> ինքը հանդես է եկել միշտ խաղաղ կարգավորման օգտին և սատարել է բանակցային գործընթացին տարբեր մակարդակներում, և կրոնական հարթության վրա ատելություն չի դրսևորել։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը աջակցություն չի ստացել հայ առաքելական եկեղեցու կողմից, և Գարեգին Երկրորդի այցը Ստեփանակերտ՝ վկայում է այն մասին, որ նույնօրինակ գործողությունները շարունակվում են։ Նա նաև շարունակել է իր ծեծված միտքը, թե քրիստոնեական հուշարձաններին ոչինչ չի սպառնում։
Այս թեմային ակնհայտ հակառուսական մեկնաբանությամբ անդրադարձել է ադրբեջանական՝ media.az կայքէջը: <<Ստեփանակերտում կաթողիկոսին դիմավորած անձանց թվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հարցերով օգնական՝ հայր Բորիս Գրիշինը: Ստացվում է, որ խաղաղապահները Ադրբեջանի տարածք են թույլ տալիս անձանց, ովքեր իրենց գործունեությամբ լիովին հակադրվում են Ադրբեջանի օրենսդրությանը։ Ակնայտ է, որ խախաղապահների գործունեության այդօրինակ դրսևորումները հղի են տարածաշրջանում նոր ապակայունացումներով>>,- գրում է ադրբեջանական կայքէջը։
Անկասկած, Ա. Փաշազադեն տարածում է ակնհայտ ապատեղեկատվություն, քանի որ բազում տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները և նրանց կցորդ համարվող այս անձը ջանացել են Արցախի հակամարտությանը տալ կրոնական երանգավորում. չխոսենք արդեն Արցախի տարածքում հայկական քրիոտոնեական և մշակութային հաստատությունների պղծումների և ոչնչացման մասին։ Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են կաթողիկոսի՝ Արցախ կատարած այցով, քանի որ նրա այցին նախորդել է Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական պատվիրակության ուղևորությունը Միացյալ Նահանգների արևմտյան և արևելյան ափեր, ինչը կարող է հակամարտության կարգավորման նոր խթան դառնալ: Թերեւս սա է Ա. Փաշազադեի և նրա թուրք տերերի հերթական աղմկելու պատճառը, քանի որ Ադրբեջանում իրենց անկաշկանդ զգացող թուրքերի համար շահեկան չեն Արցախի ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն և Արցախի կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն