ԱՄՆ-ը Թուրքիային ներառել է այն երկրների ցուցակում, որոնք անչափահաս զինվորներ են օգտագործում

Միացյալ Նահանգները Թուրքիային ներառել է այն երկրների ցուցակում, որոնք վերջին տարվա ընթացքում անչափահաս զինվորներ են ընդգրկել զինյալ հակամարտություններում։ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը հայտնվում է նման ցուցակում, ինչը հավանաբար կբարդացնի առանց այն էլ՝ Անկարայի և Վաշինգտոնի լարված հարաբերությունները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters –ը։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը «Մարդկանց առևտուր» վերնագրի ներքո՝  իր ամենամյա փաստաթղթում սահմանել է, որ Թուրքիան նկատելի աջակցություն է ցուցաբերում Սիրիայում «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը, այսինքն՝ հարևան արաբական երկրի ընդդիմադիր խմբակցությանը։ Այդ խմբավորումը, Վաշինգտոնի տվյալներով, հավաքագրել է անչափահասներին և օգտագործել ռազմական գործողություններում։
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան մամուլի ասուլիսում նաև հիշեցրել է Լիբիայում անչափահաս երեխաների օգտագործման մասին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ հարցի առնչությամբ, որպեսզի հանգուցալուծի այն։
« Ինչ վերաբերում է մասնավորապես Թուրքիային՝ սա առաջին անգամ է, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներառվում է այդպիսի ցուցակում։ Որպես տարածաշրջանում հարգված առաջնորդ և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան հնարավորություն ունի զբաղվելու այդ հարցով, որպեսզի հետագայում բացառի անչափահաս զինվորների հավաքագրումը Սիրիայում և Լիբիայում»,- անանունության պայմանով՝ ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Reuters-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիայի կողմից աջակցվող մի քանի ռազմականացված կազմավորումներ, որոնք գործում են Սիրիայում, իրավապահ կառույցների և ՄԱԿ-ի կողմից մեղադրվում են  խաղաղ բնակիչների վրա հարձակումների, ինչպես նաև առևանգումների և կողոպուտների համար։ Համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ խնդրել էր Անկարային՝ սանձել սիրիացի ապստաբներին, և սա այն դեպքում, երբ Թուրքիան հերքում է մեղադրանքները՝ համարելով դրանք անհիմն։

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ այս ցուցակում ընդգրկված կառավարությունները ենթակա են սահմանափակումների ՝ անվտանգության որոշակի ապահովման և ռազմական տեխնիկայի առևտրային արտոնագրման առումով։
— Այնուամենայնիվ, միանգամից պարզ չէր՝ արդյո՞ք ինչ-ինչ սահմանափակումներ ինքնաբերաբար կիրառվելու են Թուրքիայի նկատմամբ: Միևնույն ժամանակ՝ հարց է ծագում, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի միակ մերձավորարևելյան անդամի ներառումն այս ցուցակում կազդի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների վրա՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանը կառավարելու հարցի շուրջ,- հավելում է բրիտանական տեղեկատվական գործակալությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն