Անթալիայում հունիսի 18-ի համաժողովին մասնակցելու է նաեւ հայ դիվանագետ։ Ով է նա

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Անթալիայում դիվանագիտական- քարոզչական համաժողով է կազմակերպում։ Նախատեսված է այն անցկացնել հունիսի 18-20-ը՝ նախագահ Էրդողանի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Համաժողովն ընթանալու է ՝ «Նորարար դիվանագիտություն, նոր դարաշրջան, նոր մոտեցումներ» խորագրի ներքո և դիտարկվելու են դիվանագիտության կարևոր շեշտադրումները տարածաշրջանային, համաշխարհային ու թեմատիկ մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Անթալիայի դիվանագիտական համաժողովը բարձրակարգ մասնագետների հավաք է, որոնք զբաղվում են դիվանագիտությամբ։ Միջոցառմանը մասնակցելու են քաղաքական գործիչներ, գործող և պաշտոնաթող դիվանագետներ, սոցիոլոգներ, ակադեմիկոսներ: Ուշագրավ է այն իրողությունը, որ քննարկվելու է նաև Արցախի հիմնախնդիրը։ Մասնավորապես, համաժողովի առանցքային քննարկումներից մեկը վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններին «Փաստացի՝ թուրքերի համար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նոր իրականություն է ստեղծվել։ Սա, ըստ թուրքական դիվանագիտության, կարող է ճանապարհ հարթել թուրքական հայեցակարգի խաղաղության և կայունության համար։ Այսինքն, Թուրքիան լիակազմ կերպով պատրաստվում է ներկայանալ Հարավային Կովկասի տարածաշրջան։ Ուշագրավ է, որ դիտարկվում է Ղարաբաղի հակամարտության երեք տասնամյակների ընթացքում ներքին տեղահանված անձանց անվտանգ վերադարձը։ Իհարկե, խոսքը թուրքերին է վերաբերվում։ Ածանցյալ-հիբրիդային հարցեր են էական վերակառուցումը,  կայուն տնտեսական ու սոցիալական վերականգնումը որոնք պետք է շտապ լուծվեն ՝ երկարաժամկետ կարգավորումն ապահովելու համար: Այս նիստին անդրադարձ կլինի այդ հարցերին, և խնդիրը հատկապես տարածաշրջանի բոլոր դերակատարներին համոզելն է՝ ստեղծել տարածաշրջանային նոր համագործակցություն, այլ ոչ թե կառչել զրոյական խաղից»,- ասվում է հրապարակման մեջ։

Համաժողովը մեկնարկելու է հունիսի 18-ին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար նախարար Մևլութ Չավուշօղլուի բացման ելույթներով։ Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, դիվանագետներ, ԱԳ նախարարներ, փոխնախարարներ, նախկին պաշտոնյաներ։ Մասնավորապես՝ համաժողովի մասնակիցների թվում են ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ժոզեֆ Բորելը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը, Ալբանիայի, Մոլդովայի վարչապետները, Բալկանյան, Աֆրիկյան, Ասիական մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իրաքի, Պաղեստինի, Պակիստանի արտգործնախարարները նույնպես մասնակցելու են միջոցառմանը, մասնակիցների ցանկում ներառված են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի լոբբիստ-փորձագետներ։ Հատկանշական է, որ մասնակիցների թվում ՌԴ-ից պատվիրակների անուններ չկան։  Փոխարենը՝ համաժողովը ունի հայ մասնակից՝ դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1990-ական թթ.  ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Միաժամանակ, թուրքական մամուլը տեղեկություններ է տարածում, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, համաժողովի պաշտոնական կայքում մասնակիցների թվում նրա անունն չկա։ Փաստորեն՝ Թուրքիան մանրազննին պատրաստվում է Հարավային Կովկասի հիբրիդային սերտաճման ընթացակարգերին։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն