Երևանը նշել է, որ հնարավոր չի համարում Անդրկովկասում տնտեսական կապերի ապաշրջափակման համար ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով կառուցողական աշխատանքը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովում, շոշափել է Անդրկովկասում Արցախյան երկրորդ պատերազմից հետո տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցերը։

Նա հիշեցրել է, որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայնություններից մեկը հաղորդակցության ապաշրջափակումն էր։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հավելմամբ՝ նույն հարցը միշտ եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, որը ողջ այս ժամանակահատվածում զբաղվել է Արցախի հակամարտության կարգավորման հարցերով։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանի հարևան երկրների շահերը հաշվի առնելը կարևոր է և առանց նրանց՝ այդ կարգի հարցեր լուծելը՝ գրեթե անհնար։ Լավրովը Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է համարում, քանի որ այն միացնում է հյուսիսը հարավի հետ, արևմուտքը՝ արևելքի հետ «և չի կարելի մտածել, թե ում ներառել, ում՝ոչ։ Պետք է մտածել, թե ինչպես հաստատել հարաբերություններ՝ երկարատև հեռանկարով»։

Անցյալ շաբաթ Երևանը նշել է, որ հնարավոր չի համարում Անդրկովկասում տնտեսական կապերի ապաշրջափակման համար ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով կառուցողական աշխատանքը՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի հետ ունեցած սահմանին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն