«Արայիկ Հարությունյանն ինչ-որ դավաճանների մասին է բարձրաձայնում, մոռանալով, որ եթե իր և իր խմբակից բացի այլ դավաճաններ լինեին, նրանք վաղուց ձերբակալված կլինեին». Արցախի ԱԺ պատգամավոր

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արցախի գրավյալ տարածքներում զինվորական ծառայություն իրականացնող ադրբեջանական զինուժից կրակ են բացել Սարուշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ, մասնավորապես՝ փորձել են ահաբեկել արտում աշխատող տրակտորիստներին։

Հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, «Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով մանրամասնեց՝ թշնամին առաջին անգամը չէ, որ նմանօրինակ վարք է դրսևորում` նպատակ հետապնդելով ահաբեկել գյուղում բնակվող արցախցիներին։ Սակայն, ինչպես վստահեցրեց պատգամավորը՝ արցախցին ամուր կանգնած է իր հայրենի հողի վրա, չի պատրաստվում այն լքել, հակառակը, ամեն ինչ ձեռնարկում է Արցախը կրկին շենացնելու համար. «Այդ կրակոցները պատահականություն չեն, ավելին՝ դրանք միայն Սարուշեն գյուղի ուղղությամբ չեն։ Չմոռանանք, որ Սարուշենը Կարմիր Շուկային կից բնակավայր է, որի ճակատագրի առնչությամբ Արցախի ներկա իշխանությունների ախորժակը խիստ կասկածելի է։ Արայիկ Հարությունյանն, ակնհայտորեն, ի վիճակի չէ ապահովել Արցախի ու արցախցու անվտանգությունը։ Նա նույնիսկ չի խոսում անվտանգային հարցերի մասին։ Սակայն, փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել` օդում խոստանալով 150 տուն կառուցել։ Նույն Արայիկ Հարությունյանը խաբել է բոլորին` հայտարարելով, թե հայ զինվորականները նույնպես անցակետեր ունեն և ստուգում են նաև ադրբեջանցիների փաստաթղթերը։ Մենք բացահայտեցինք, որ սա կատարյալ ու նպատակային սուտ է։ Արայիկ Հարությունյանը որևէ հայկական անցակետ չի տեղադրել, ոչ մի տեսակի անցուդարձ նա չի ստուգում կամ վերահսկում։ Արցախի անվտնագությունն այս պահի դրությամբ ապահովում են ռուս խաղաղապահները, ովքեր տեղակայված են համապատասխան դիրքերում, որտեղ էլ պատշաճ կերպով կատարում են իրենց վրա դրված պարտավորությունները, ինչպես նաև՝ Արցախը սիրող արցախցին»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Վերջինս հավելում է՝ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը քանիցս ինչ-որ դավաճանների մասին է բարձրաձայնում, մոռանալով, սակայն, որ և՛պատերազմի ընթացքում, և՛ այժմ բոլոր իշխանական լծակները գտնվում են իր ձեռքում և, եթե իր ու իր խմբակից բացի այլ դավաճաններ լինեին, ապա նրանք վաղուց ձերբակալված կլինեին։ Այստեղ տեղին է հիշել «գողն առաջինն է բղավում` բռնեցեք գողին» արտահայտությունը, նկատում է պատգամավորը և հավելում. «Սա մեր հողն է, մեր հայրենիքն է, մենք գիտենք նրա յուրաքանչյուր թուփն ու ձորը։ Թող թշնամին գիշերները վախով անցկացնի, որովհետև լավ գիտի, որ մենք մեր հայրենիքը իրենց մոտ երկար գերության մեջ չենք թողնելու։ Մնում է, որ Արցախի ժողովուրդը տեր կանգնի նաև իր ղեկավարման համակարգին, դուրս շպրտի դավաճանների խմբակին և իրեն արժանի իշխանություն ձևավորի»,- եզրափակելով զրույցն` ասում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն