Արցախում աշխատատեղ չկա, եղածն էլ իրանցիներին են տալիս

«Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել։ Անհայտ ծագման բանվորների թիվն այս պահին շատ մեծ չէ՝ մոտ 2 տասնյակ, սակայն տեղացիներին անհանգստություն է պատճառել նրանց ներկայությունը»։ Նման տեղկություն էր հաղորդել hraparak.am-ը։

Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը կայքի հետ զրույցում հաստատել է, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: «Ասում են՝ պարսիկներ են»,- ասաց նա եւ չպատասխանեց հարցերին, թե երբ են եկել, մնում են գյուղո՞ւմ, թե՞ գնում-գալիս են: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասաց․ «Դա էլ չգիտեմ, հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։

«Փաստարկ» լրատվականը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց՝  Աստղաշենում կա՞ն արդյոք իրանական անձնագրերով աշխատողներ։

— Չեմ մեկնաբանում, դա թողնենք առանց մեկանբանության։

— Բնակիչները մտավախություն ունեն, որ նրանք ադրբեջանցիներ են։

— Արցախում աշխատող որևէ ադրբեջանցի չկա, դա վստահեցնում եմ Ձեզ։

— Իսկ իրանցի՞։

— Առանց մեկնաբանության։

— Տիկի՛ն Ավանեսյան, Աստղաշենի համայնքապետը հաստատել է, որ 2 տասնյակ իրանցի է աշխատում Արցախում։

— Համայնքապետի ասածներն ընդհանրապես չեմ մեկնաբանում։

— Ձեր պատասխաններով փաստացի հաստատում եք լուրի իսկությունը, Արցախի բնակիչները բողոքում են, որ աշխատատեղ չկա, իսկ այլ հանրապետության քաղաքացու համար կա՞։

— Ասացի չէ՝ առանց մեկնաբանության։

Փորձեցինք կապ հաստատել նաև «Կապավոր» ընկերության հետ, որն իրականացնում է շինարարական աշխատանքները։ Խոստացան, որ իրենց մամուլի պատասխանատուն կկապվի լրագրողի հետ, իսկ հետագա զանգերը մնացին անպատասխան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն