Արդյո՞ք առողջապահական տեսչական մարմինը պատրաստվում է հրահրել քրեական հանցագործություն

ԱՆ-ի պահանջները չկատարելու պարագայում ֆիզիկական անձինք կտուգանվեն 10-20 հազար դրամով, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամով։ Այս մասին այսօր հայտնել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

Ստուգայցերը սկսվելու են ս.թ. հոկտեմբերի 1-ից, որոնց ընթացքում տեսչակամ մարմնի աշխատակիցները ստուգելու են` արդյո՞ք աշխատող քաղաքացիները պատվաստված են, թեսթավորված, ունեն պատվաստմանը հակացուցված որևէ հիվանդություն թե՞ բոյկոտել են նախարարի որոշումը։ Ինչպես հասկանում ենք` ըմբոստները կտուգանվեն։

«Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,- նշեց Աննա Հարությունյանը:

Այսպիսով, պատվաստումների և ՊՇՌ թեսթավորման վերահսկողության գործառույթը դրվել է այս տեսչական մարմնի ուսերին։ Նրա աշխատակիցները այցելելով տարբեր աշխատավայրեր` պահանջելու են աշխատակիցների առողջության վերաբերյալ փաստաթղթեր, որոնք,  փաստորեն, պարունակում են բժշկական գաղտնիք։

Մինչդեռ, ինչպես այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական գաղտնիքը չպահպանելով  իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն