Արդյո՞ք մանդատը կալանավորված անձին դարձնում է անձեռնմխելի. ԿԸՀ-ն մանդատ է բաժանում

ԿԸՀ-ն հայտարարեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն արդեն ստացել են պատգամավորական իրենց մանդատները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ներկայացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և վերցրել են իրենց կուսակցության և դաշինքի պատգամավորների մանդատները: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղն է ներկայանալու ԿԸՀ՝ վկայականները վերցնելու համար», — նշում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից։ Մանդատ է ստացել նաև Մեղրիի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը, ով հիմա կալանավորված է։ Ստացվում է, որ անձը կալանավորված է և ձեռք է բերում նոր կարգավիճակ՝ անձռնմխելիություն։ Օրենսդրությունը հստակ սահմանում է, որ եթե անձն անձեռնմխելի է, ապա պետք է հաղթահարել այն, ապա նոր ներգրավել, որպես մեղադրյալ։ Իսկ եթե արդեն ներգրավված է որպես մեղադրյալ, ապա օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսում։ Նման դեպքերում սովորաբար հարցի պատասխանը Սահմանադրական դատարանի տիրույթում է։

«Փաստարկ» լրատվականը Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել։ Ի պատասխան վերջինս հայտնեց, որ հարցին կկարողանա պատասխանել մի քանի ժամից։

Նույն հարցը «Փաստարկ» լրատվականն ուղղեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, ով ասաց, որ հարցն ունի իրավական բովանդակություն և խնդրեց այն ուղղել գրավոր։

 

Աղբյուրը` Pastark.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն