Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միությունը և Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիան խնդրել են պատվաստումները դարձնել պարտադիր

Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսական միությունը (ԱՁՌՄ` РСПП) և Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիանը (ՌԱԱՖ` ФНПР) Ռուսաստանի կառավարությանը խնդրել են կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ չափահաս բնակչության շրջանում պատվաստումները դարձնել պարտադիր։

Բացառություն են կազմելու այն քաղաքացիները, ովքեր ունեն հակացուցումներ COVID-19 պատվաստանյութերի կիրառման համար կամ ունեն հակամարմինների անհրաժեշտ քանակություն։ Որպես միջոցառման նպատակ նշվում է տնտեսության և աշխատանքի շուկայի վերականգնումը` հասցնելով այն համաճարակից առաջ ունեցած մակարդակին,- ասվում է դիմումի մեջ։

Դիմող կառույցները կոչ են արել նաև աշխատող բնակչությանը` պատվաստվել, իսկ գործատուներին` պատվաստել իրենց աշխատակիցներին։

Ավելի վաղ Роспотребнадзор-ի  ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ ՌԴ 10 շրջաններում COVID-19-ի դեմ պատվաստումները մասնագիտական որոշ խմբերի համար արդեն դարձել են պարտադիր։ Հունիսի 28-ից այդ ցանկին կավելանա ևս 8 շրջան։

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ ՌԴ-ում կոլեկտիվ իմունիետետի ձեռքբերման մոտավոր ժամկետը սահմանվել է 2021 թվականի սեպտեմբերը։

Ներկայումս Ռուսաստանում պատվաստանյութի երկու բաղադրիչ է ստացել գրեթե 16,7 միլիոն մարդ, իսկ միայն առաջին դեղաչափը` 20,7 միլիոն քաղաքացի։ Կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացել է ավելի քան 5,3 միլիոն ռուսաստանցի։ Կոլեկտիվ իմունիտետ ստանալու համար, Գոլիկովայի խոսքերով, անհրաժեշտ է պատվաստել բնակչության 60%-ին, ինչը կազմում է 69 միլիոն մարդ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն