Առողջապահության նախարարությունը` ամենաուժեղ հակապատվաստումային քարոզիչն է

— Հենց ուզում ենք պատվաստվել, նախարարությունն այնպիսի մի բան է անում, փոշմանում ենք,- նկատեց «Փաստարկ» լրատվականի զրուցակիցներից մեկը։ Իրենցից լավ հակապատվաստումային քարոզ ոչ մեկ չի անում` հավելեց նա։

«Փաստարկ» լրատվականն էլ փորձեց հասկանալ, թե այդ ի՞նչ կազմակերպված հակապատվաստումային քարոզ է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունը։ Որոշեցինք ուսումնասիրել այս օրերին կատարվածը։

Այսպես. Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո առողջապահության նախարար նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Առաջին հարվածը հասցվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին։ Խայտառակ ձևով հեռացվեց ԲԿ-ի երկարամյա ղեկավար, Միքայել Մինասյանի հայր, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը։ Թորոսյանը նրան անվանեց «բանդայի պարագլուխ», ինչի համար ստիպված էր դատարանում ապացուցել իր խոսքերի իսկությունը։ Սակայն` չկարողացավ։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դատական ատյաններում Արսեն Թորոսյանին պաշտպանում է նույն Արա Մինասյանի (ըստ Թորոսյանի` «բանդայի պարագլխի») որդու` Գրիգոր Մինասյանի AM LAW FIRM ընկերությունը, անդրադառնանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի ղեկավար կազմին։

ԲԿ-ի տնօրեն նշանակվեց Արման Հովակիմյանը, ով Արսեն Թորոսյանի մտերիմներից էր համարվում։ Համարվում էր այնքան ժամանակ, մինչև մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե Հովակիմյանը Թորոսյանի դեմ ցուցմունք է տվել։

Իսկ այ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի ղեկավարությունը ո՛չ Թորոսյանի, ո՛չ էլ Ավանեսյանի դեմ ցուցմանք չի տվել։ Նա պարզապես կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևից երկու օր առաջ գնացել էր ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը։

ՀՀ ԱԱԾ-ն  խուզարկել էր պոլիկլինիկայի որոշ դարակներ և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ, բերման են ենթարկվել անձինք։ Այս տեղեկությունը չէր հերքել պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, ով վերջերս նշանակվել է առողջապահության փոխնախարար։

Ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ գործող պետական բժշկական հաստատությունը, որտեղ ծավալված է բազմամահճակալանոց COVID բաժանմունք, հենց իր պատերի ներսու՞մ է կատարում այնպիսի իրավախախտում, որն իր բնույթով բարկացրեց անգամ Նիկոլ Փաշինյանին։

Դժվար է պատկերացնել, որ այստեղ «ֆեյք» պատվաստման անձնագրեր են բաժանվել կամ վաճառվել «հասարակ մահկանացուներին»։ Այդ էլիտար ծառայությունից հավանաբար օգտվել են այն մարդիկ, ովքեր եղել են «վստահելի» և,  գուցե, շատ մոտ կանգնած նախարարության վերնախավին։ Չենք բացառում նաև, որ եղել են մարդիկ, ովքեր, գնելով իրենց «ֆեյք» պատվաստումային անձնագիրը, գնացել, նստել ու պատվաստումների քարոզ են արել, վարկաբեկել իրենց իրավունքները պաշտպանող «հասարակ մահկանացուներին»։

Դե իրենց ինչ կա, հո իրենց վրա անօրինական փորձարկում չեն արել։

Ահա այսպես, ամենօրյա ռեժիմով ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է կազմակերպված և ակտիվ հակապատվաստումային քարոզ` իր գործողություններով, ծիծաղաշարժ տեսանյութերով, զզվանք առաջացնող պարտադրանքով, մարդկանց վրա բղավելով և հիստերիա հիշեցնող վարքագծով։

Հենց ուզում ենք պատվաստվել, էս նախարարությունը մի այնպիսի քայլ է անում, որ հասկանանք` պատվաստվելը վնասակար է մեր առողջությանը և օգուտ որոշ իշխանավորների գրպանին։

Հիմա չենք կողմնորոշվում, թե մեզ որտեղ են քցում …

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն