Արթուր Ղազինյանին 6-րդ անգամ չընտրեցին հանձնաժողովի փոխնախագահ

Քվեարկության արդյունքում`  0 կողմ, 5 դեմ ձայներով, 6-րդ անգամ մերժվեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում արդեն 6-րդ անգամ քննարկվում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ չհաստատեց Ղազինյանի թեկնածությունը։
Պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը: Իշխանությունը, կարծես թե, ցանկանում է կոտրել ընդդիմադիրների դիմադրությունը` ստիպելով նրանց ներկայացնել ուրիշ թեկնածու։
«Հայաստան» դաշինքի պատգամավորը իշխանություններին մեղադրեց անգործության մեջ: «Այսուհետ մեզ համար այս օրակարգը սպառված է։ Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին, և ընդդիմությունը` «Հայաստան» խմբակցությունը, այս պաշտոնը կամավոր չի զիջելու իշխանությանը»,– քվեարկությունից առաջ ասաց Ղազինյանը։
Ըստ նրա ցանկացած քննարկում վերածվում է հարցաքննության։ «Նախորդ 6 նիստերում հնչել է ինձ ուղղված 18 հարց, 18 պատասխան, 18 արձագանք, ինչն իմ համոզմամբ` բավական էր թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար։ Հարցաքննություն այստեղ չի լինելու»,- նշել է ընդդիմադիր խմբակցության թեկնածուն։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությունից առաջ լքեցին հանձնաժողովի նիստերի դահլիճը։
Քվեարկության արդյունքում`  0 կողմ, 5 դեմ ձայներով, 6-րդ անգամ մերժվեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 6-ին, 13-ին, 22-ին և 28-ին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն