Չգիտեմ ինչ է ասում, բայց վստահ է ասում

«Շատ բաներից տեղյակ չլինելով հանդերձ՝ շարունակում ենք մնալ, և եթե գա պատասխանատվության պահը, մենք հավասար կրելու ենք այդ պատասխանատվությունը»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

Իսկ արդոյո՞ք ԱԺ պատգամավորը, որը նախորդ խորհրդարանում ևս այս թիմի անդամ էր, պատասխանատվություն կրում է Արցախի 75 տոկոսի կորստի, մոտ 5000 զոհի, 10 000-ից ավելի վիրավորի, Սյունիքի անվատանգության գրեթե բացակայության համար, թե՞ միայն նոր զիջումների համար պատասխանատվություն կկրի։

Սա այն թիմը չէ՞, որի առաջնորդն ասում է, որ ինքն է երկրի գլխավոր գերագույն հրամանատարը և հորդորում ու հրամայում է «չշշկռել», իսկ հետո հայտարարում, որ պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Տիկին Բադալյանին դեռ տեղյակ չե՞ն պահել, որ պատասխանատվություն կրում են մեղավորները։

«Անկախ նրանից՝ ես տեղյա՞կ եմ, թե՞ տեղյակ չեմ՝ քաղաքական առաջնորդն ինչ է այս պահին բանակցում, ես ունեմ վստահություն, որ հաստատ մեջքիս հետևում ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու»,- շեշտեց պատգամավորը:

Սա այն դեպքն է, երբ ասում են՝ չգիտեմ ինչ է ասում, բայց վստահ է ասում։

Տիկի՛ն Բադալյան, ոչ միայն Ձեր, այլև ողջ հայ ժողովրդի թիկունքում է ստորագրվել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ստորագրվել է հունվարի 11-ի փաստաթուղթը, բանավոր պայմանավորվածությամբ հանձնվել է Շուռնուխի զգալի մասը, Սև լճի 20 տոկոսը, արդեն նաև` Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ձեր թիմի հավանաբար մյուս պատասխանատու պագամավորն ասում է, որ Տավուշից էլ հանձնելու որոշ հատվածներ կան: Իսկ Դո՞ւք գոհ եք ու դեռ վստահո՞ւմ եք։ Հասարակության մի մեծ զանգվածին հենց ձեր «լավատեսությունն» է կործանում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն