Չինաստանը ծայրահեղ վրդովված է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի վերջնարդյունքից

Չինաստանը ծայրահեղ վրդովվել է և բողոք է ներկայացրել` Բրիտանիայում տեղի ունեցած Մեծ յոթնյակի գագաթնաժողովում իր դեմ արված հայտարարությունների առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանատան մամուլի քարտուղարը։ Հայտարարությունը հրապարակվել է Չինաստանի դիվանագիտական առաքելության կայքէջում:

Գագաթնաժողովի ավարտին Մեծ յոթնյակը հանդես է եկել Չինաստանի հետ համագործակցությունը շարունակելու օգտին, սակայն ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի շուրջ, բայց Չինաստանի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու իրավունքները, հատկապես Սինցզյանում և Հոնկոնգում: Մեծ յոթնյակի առաջնորդները կարևորել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և տարածաշրջանային խնդիրների խաղաղ հանգուցալուծումը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել Արևելաչինական և Հարավչինական ծովերում տիրող իրավիճակի առումով։

«Մեծ յոթնյակի գագաթնաժողովի վերջնարդյունքում՝ մամուլի ասուլիսը ապակողմնորոշող փաստեր է ներկայացնում Սինցզյանի, Հոնկոնգի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Իրական փաստերը կեղծ են ներկայացվում և փաստերը ենթադրություններին չեն համապատասխանում։ Փաստացի՝ Չինաստանին միտումնավոր վարկաբեկում են: Այս դիրքորոշումը Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների լուրջ խախտում։ Մենք հայտնում ենք մեր ծայրահեղ վրդովմունքը ու բողոք ենք ներկայացնում»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանատան խոսնակը նաև նշել է, որ «COVID-19 համաճարակը շարունակում է մոլեգնել ողջ աշխարհում, համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է դանդաղ տեմպերով, իսկ կլիմայի փոփոխության համընդհանուր խնդիրները դառնում են առավել տեսանելի»:

Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ համապատկերում միջազգային հանրությունը միասնության և համագործակցության կարիք ունի, բայց գագաթնաժողովը ցույց է տալիս դաշինքի ուժի քաղաքականացման օրինակ, որն արհեստականորեն ստեղծում է առճակատում և բաժանում:

«Մենք ԱՄՆ-ին և Մեծ յոթնյակի մյուս անդամներին հորդորում ենք հարգել փաստերը, դադարեցնել Չինաստանի զրպարտումը, դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին և չսասանել Չինաստանի շահերը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն