«Ցույց տվեցինք, հստակ զգուշացրեցինք, նշեցինք պահանջները»` Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի վարքը Ժնևի գագաթնաժողովից հետո

Միացյալ Նահանգներից եկող հայտարարությունները, որոնք հաջորդել են Ժնևում կայացած Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովին, այնքան էլ չեն համապատասխանում այն դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը հայտնել է բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` իր հոդվածում, որը հրապարակվել է «Կոմերսանտ» թերթում և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում։

Լավրովը հիշեցրել է, որ «հունիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագանաժողովի ժամանակ` նախագահներ Պուտինի և Բայդենի միջև կայացած անկեղծ ու կառուցողական զրույցն ավարտվել է ռազմավարական կայունության շուրջ առարկայական երկխոսություն սկսելու պայմանավորվածությամբ։ Նախագահները քննարկել են միջուկային պատերազմի անթույլատրելի լինելու, կիբերանվտանգության խնդրի շուրջ փոխադարձ խորհրդատվության կազմակերպման, դիվանագիտական առաքելությունների աշխատանքի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանտարկված քաղաքացիների ճակատագրի ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ այլ հարցեր։

«Ընդ որում` Ռուսաստանի ղեկավարը հրապարակային և հստակ նշել է, որ բոլոր ուղղություններով արդյունքը հնարավոր է բացառապես շահերի երկուստեք հավասարակշռման դեպքում։ Բանակցությունների ընթացքում առարկություններ չեն հնչել։ Սակայն, բանակցություններից անմիջապես հետո ամերիկյան պաշտոնական դեմքերը, ներառյալ հանդիպման մասնակիցներին, տարածում են սովորական դարձած իրենց հայտարարությունները` «ցույց տվեցինք, հստակ զգուշացրեցինք, նշեցինք պահանջները»։ Բոլոր այդ «նախազգուշացումն» ուղեկցվել են սպառնալիքներով, որ եթե Մոսկվան մի քանի ամսվա ընթացքում չընդունի Ժնևում «իրեն թելադրված պահանջները», ապա կենթարկվի նոր ճնշումների»,- գրել է Լավրովը։

«Այնուամենայնիվ, Վաշինգտոնի կողմից վայրկյանական հնչեցրած կարծրացած դիրքորոշումը շատ հատկանշական է, հատկապես, որ եվրոպական մայրաքաղաքները, անմիջապես որսալով «մեծ եղբոր» տրամադրությունները, սկսեցին նրան ակտիվորեն և հաճույքով ձայնակցել։ Այնպիսի զգացողություն է, որ երգչախումբը` մեներգչին օգնելու համար նախապես պատրաստվել է, և հենց այդ պատրաստվելուն էր ուղղված Ժնևի հանդիպումից առաջ մի շարք արևմտյան միջոցառումների կազմակերպումը բարձր մակարդակով. Բրիտանական Կորնուոլլում` Մեծ Յոթնյակի և Բրյուսելում` Հյուսիսատլանտյան ալյանսի գագաթնաժողովները, ինչպես նաև Բայդենի հանդիպումները Եվրոխորհրդի նախագահ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյաենի հետ»,- շեշտել է Լավրովը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն