Ford-ը կրճատում է մեքենաների արտադրությունը

Ford-ը կրճատում է մեքենաների արտադրությունը` չիպերի պակասի պատճառով:

ԱՄՆ խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ Ford- ը, կիսահաղորդիչների պակասի պատճառով կփակի իր գործարաններից մի քանիսը, գրում է Reuters-ը ։

Ավտոհսկան ամբողջությամբ կսառեցնի ավտոմեքենաների արտադրությունը Օհայոյի իր գործարանում և Transit ֆուրգոնների արտադրությունը Կանզաս Սիթիում գտնվող գործարանում: Բեռնատարների հավաքման գործարանները Կենտուկիում, Չիկագոյում և Դիրբորնում, Միչիգանում կաշխատեն կրճատված աշխատաժամանակով:

Ford-ի համար արտադրության նման դադարները նորություն չեն։ Նախկինում ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել կամ մասամբ դադարեցրել է արտադրությունը Հյուսիսային Ամերիկայի ութ գործարաններում՝ չիպերի համաշխարհային պակասի պատճառով: Դա պայմանավորված էր ինչպես սպառողական էլեկտրոնիկայի նկատմամբ պահանջարկի աճով, այնպես էլ մատակարարման շղթաների խաթարմամբ: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել: Չիպեր արտադրող խոշորագույն արտադրողները փորձում են մեծացնել արտադրությունը և ներդնում են տասնյակ միլիարդավոր դոլարներ, սակայն պահանջարկը բավարարելու համար ժամանակ կպահանջվի:

Կորոնավիրուսային համաճարակը և չիպերի հետագա պակասը ծանր հարված են հասցրել բոլոր ավտոարտադրողներին։ 2022 թվականի հունվարին աշխարհի խոշորագույն կոնցեռններից մեկը Toyota-ն ժամանակավորապես դադարեցրեց արտադրությունն իր  հիմնական գործարանում։ Հաճախակի պարապուրդը սովորական է դարձել նաև ռուսական ձեռնարկություններում:  Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը կարծում է, որ չիպերի բացակայության պատճառով ավտոմեքենաների պակասը Ռուսաստանում կշարունակվի առնվազն 2022 թվականի առաջին կիսամյակում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն