Գերիշխանության տեսությունը և լեգիտիմությունը. Մարիամ Մարգարյան

Կառավարողների կողմից իրականացվող իշխանության հարցերը համակարգված ուսումնասիրել է Մ. Վեբերը (1864-1920թ.)` հիմնադրելով գերիշխանության տեսությունը, համաձայն որի լեգիտիմությունը ենթադրում է կառավարողների և կառավարվողների միջև դերային գործառույթների հստակեցում` հիմնված հավատի, կամքի և աջակցության վրա: Այս առումով ֆրանսիացի քաղաքագետ Դ. Կոլան գրել է. «…Ամբողջ տեսությունը հիմնված է հավատի վրա»: Դիտարկելով ենթարկման հակվածությունը` որպես որոշակի կամքի և հավատի արդյունք` Մ. Վեբերը գերիշխանությունը վերլուծում է որպես բազմաչափ երևույթ: Մի կողմից այն կարող է լինել որոշակիացված շահերի և սովորույթների, մյուս կողմից գերզգայականության, օտարվածության, հուսահատության արդյունք: Որպես այդպիսին, այն ոչ թե ուժերի պարզունակ հարաբերակցության արդյունք է, այլ` կուռ կառուցակարգ, որը «…Համարյա պայմանավորված չէ առանձին անձանց վարքաբանությամբ»:

Ուսումնասիրելով երեք տիպի գերիշխանություն (ավանդական, խարիզմատիկ, ռացիոնալ-իրավական (լեգալ))` Մ. Վեբերը նպատակամետ հարցադրում է կատարում` նրանցից որի՞ն է պատկանում առավելագույն ուժը և ինչո՞ւ: Միանշանակ պատասխան չտալով` Մ. Վեբերը եկավ այն եզրակացության, որ ռացիոնալ գերիշխանությունն առավել արդյունավետ կարելի է դարձնել այն` ամրապնդելով խարիզմայով և ավանդույթով: Կիրառական առումով, ըստ Վեբերի, դա նշանակում է, որ խորհրդարանական արիստոկրատիան (այսինքն` խորհրդարանական ընտրանին) ժողովրդական լայն շրջաններում չի կարող ունենալ բավականին լեգիտիմացնող ուժ և պետք է զուգամիտվի կամ ժառանգական միապետությամբ (որի իրավունքները սահմանափակվում են խորհրդարանի կողմից), կամ էլ ընտրված քաղաքական լիդերով (նախագահով)` որին շրջապատած` քաղաքական ընտրանի պետք է կարողանա իրատեսական հիմքերի վրա համակարգել յուրաքանչյուրի շահերը: Վեբերը տարբերակում է գերիշխանության ձևերն ըստ իրենց աղբյուրի կամ հեղինակության: Ահա թե ինչ է գրում նա. «…հավերժ արժեքի հեղինակություն, բարքերի հեղինակություն: Այնուհետև` անհատական հեղինակություն, առաջնորդին լիարժեք անհատական նվիրվածություն և վստահություն` նրա որակով, տեսակով` խարիզմով պայմանվորված: Եվ վերջապես` ռացիոնալ կերպով ընդունված օրենքներով` պայմանավորված գերիշխանությամբ, հիմնված բանիմացության, հավատի և հեղինակության վրա» :

Գերապատվություն տալով իրատես գերիշխանությանը` Մ. Վեբերը կառավարման գործընթացում կարևորում է բյուրոկրատիայի դերը. «աստիճանահարթակի վերին մասում նստած են կա’մ իշխանությունը ժառանգած միապետը, կա’մ ժողովրդի կողմից ընտրված նախագահը, կա’մ խորհրդարանական արիստոկրատիայի կողմից ընտրված լիդերները: Ճիշտ է, քաղաքականությունը մշակվում է նրանց կողմից, սակայն ամենօրյա աշխատանքն իր բարդությամբ և բազմաչափությամբ հատուկ ապարատի օգնությամբ իրականացնում են բյուրոկրատները»: Հենց այս նկատառումներն էլ հաշվի առնելով` Պ. Սորոկինը գրում է. «Ինչպես երևում է պատահական չէ, որ Մ. Վեբերը թույլատրեց իրեն ենթադրություն անել, որ ապագան պատկանում է բյուրոկրատիային` այսինքն` բարձր կատեգորիայի ծառայողների դասակարգին»:

Իրականացվող գերիշխանության լեգիտիմության կառուցակարգը քննարկելով որոշակի պատմամշակութային արժեքների հիմքի վրա` Մ. Վեբերը կատարեց հետևյալ ընդհանրացումը. «Բյուրոկրատիան միայն արևմտյան հասարակություններին չէ, որ հատուկ է… Ցանկացած հասարակություն, եթե ուզում է զերծ մնալ ավելորդ հակասություններից, պետք է ունենա կիրթ, բարոյական սկզբունքներ ունեցող բյուրոկրատիա»: Ըստ Վեբերի` բյուրոկրատ կարող է լինել այն անձը, որը` 1) ունի մասնագիտական կրթություն և այդ պաշտոնում աշխատում է` ըստ կնքված պայմանագրի, 2) իշխանություն է իրականացնում օրենքների հիման վրա. նրա ընտրյալությունն որոշվում է պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ` օրինապահության պահպանմամբ, 3) տվյալ պաշտոնում նշանակվելիս հաշվի է առնվել մասնագիտական որակավորման աստիճանը, 4) աշխատում է ոչ թե դեպքից դեպք, այլ` անընդհատ, 5) ունիմասնա-գիտական հպարտություն և աչքի է ընկնում ջանասիրությամբ: Բյուրոկրատիայի տեսության մեջ Մ. Վեբերը տարբերակեց «իշխանություն» և «գերիշխանություն» հասկացությունները: Գերիշխելը կառավարողների և կառավարվողների միջև եղած այնպիսի հարաբերություն է, որում առաջինը պարտավորեցնող հրամանների միջոցով երկրորդին թելադրում է իր կամքը: Փաստորեն գերիշխանությունը քաղաքականորեն ամրագրված կարգ է, որի դեպքում ընտրյալ փոքրամասնություն կազմող կառավարողները հրամայումեն, իսկ մյուսները` ենթարկվում: Այսպիսի կարգը պետք է ներդաշնակի քաղաքական ընտրանու, հասարակության տարբեր շերտերի` ցանկալի է ողջ ընտրազանգվածի շահերի հետ:

Այս հիմքի վրա Մ. Վեբերը մշակել է «իդեալական տիպերի» տեսությունը, համաձայն որի, լեգիտիմ իշխանություն իրականացնողը հնարավորություն է ստանում դասակարգել կառավարման ընթացքում ստացած փորձնական նյութը` փոփոխման ենթարկելով կամ նոր տեքստ գրել` գերիշխանություն իրականացնելով:

«Իդեալական տիպերը», ըստ Մ. Վեբերի, չեն արտացոլում իրականությունը, դրանք միայն միջոց են փաստերի զուգամիտման համար. արժեքային մի համակարգ, որի հետ ուսումնասիրողը համեմատում է իրականությունը: Իր բովանդակությամբ «իդեալական տիպերի» տեսությունն ուղղված էր հասարակական-տնտեսական հասարակարգերի մարքսիստական ուսմունքի դեմ: Համաձայն «իդեալական տիպերի« տեսության` իշխանության լեգիտիմության համար որոշիչը հասարակության տնտեսական կյանքի, տարբեր սոցիալական խմբերի և կրոնական գիտակցության միջև առկա կապերի բացահայտումն ու վերլուծությունն է: Մեծ տեղ հատկացնելով սոցիալական կառուցվածքին և դասակարգային բախումներին` Վեբերը մարքսիզմի պրոլետարական հեղափոխության (հատկապես պրոլետարիատի դիկտատուրայի) տեսությանը հակադրում է իր տեսակետը, որտեղ ընդգծում է հասարակությունում դասակարգային տարբերությունների բազմաձևության անհրաժեշտությունը` իշխանության լեգիտիմության հաստատման համար:

Մ. Վեբերն ի սկզբանե մերժում է խորհրդային հասարակության լեգիտիմությունը` համարելով, որ գործող խորհրդանիշների պայմաններում իրականացվող իշխանությունը ոչ միայն լեգիտիմություն, այլև լեգալություն էլ չունի:

Այսպիսով, իշխանությունը լեգիտիմ է, եթե այն համապատասխանում է իրավունքի և արդարության մասին մարդկանց գաղափարներին, նրանց հիմքում ընկած արժեքներին ու նորմերին, որոնցով  հիմնվում է բոլորի կողմից ընդունված պետական իշխանությունը: Յուրաքանչյուր պետական իշխանություն վստահության, օրինականության` լեգիտիմության կարիք ունի: Այն կարող է էվոլյուցիոն զարգացում ապրել և հարատևել որպես գլխավոր քաղաքական արժեք` փոխհարաբերության, այլ ոչ միայն հոգեբանական և ֆիզիկական ներգործության ու, առավել ևս, ահաբեկչության միջոցով: Քաղաքական ընտրանու իշխանությունը լեգիտիմ է, եթե ա) այն ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան. այսինքն` պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ էլ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել, բ) պետական իշխանությունը իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան: Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքը` մեկը մյուսի նկատմամբ:

Այս ամենը նկատի ունենալով` Մ.Վեբերը գերիշխանության և իդեալական տիպերի տեսության շրջանակներում համակարգել է հպատակեցման դրդապատճառներն ու առանձնահատկություններն արտահայտող եռաստիճան (ավանդական, խարիզմատիկ, ռացիոնալ-իրավական (լեգալ)) դասակարգման օգնությամբ:

Հանրագումարենք. Մ. Վեբերին, քանի որ նա արդյունաբերական հասարակության կառավարման կառուցակարգի մշակողներից է, հետաքրքրել է գերիշխանությունը և տիրապետությունը: Այս տեսանկյունից նա կարևորել է իշխանության լեգիտիմության բովանդակությունը, քանի որ այն պայմանավորված է քաղաքական ընտրանու որակով: «Իշխանությունը որպես գերիշխանություն, սոցիալական փոխհարաբերությունների ժամանակ ընտիր դերասանի կողմից սեփական կամքի իրականացման հնարավորությունն է` հակառակ ընդդիմության»: Կյանքի վերջին տարիներին վերջնականապես ընդունելով առաջնորդի հանրաքվեական լեգիտիմությամբ խորհրդարանական ժողովրդավարության ներքո գործող ընտրանու համալրման սկզբունքները, Մ.Վեբերը գտնում էր, որ միայն ժողովրդի կողմից ընտրված քաղաքական առաջնորդը կարող է անմիջականորեն դիմել նրան: Փաստորեն լեգիտիմ գերիշխանության տիպերի միաձուլման արդյունքում Մ. Վեբերն առաջարկում է լեգիտիմության նոր ձև` «առաջնորդի հանրաքվեական ժողովրդավարություն», որտեղ գերակա է հեղափոխականացվող մեծ ուժ ունեցող խարիզմատիկ առաջնորդի կամքի գերիշխանությունը:

Մարիամ Մարգարյանի հոդվածքներին կարող եք ծանոթանալ նրա բլոգում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն