«Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը կգործի մինչև Ղրիմի «ապազավթումը և վերասերտաճումը». Կիև

Կիևը կազմակերպել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը, որը մշտական կգործի՝ մինչև որ իրականացվի Ղրիմի «ապազավթումը և վերասերտաճումը»։ Այդ մասին հունիսի 22-ին հայտարարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Անտոն Կորինևիչը` ԱՄՆ-ում «Մարշալ» գերմանական հիմնադրամի կազմակերպած բանավեճի ընթացքում։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի վերջնարդյունքում՝ մասնակիցները պետք է ընդունեն հռչակագիր, որը ներառի ժամանակավոր նվաճված Ղրիմի բոլոր առանցքային հարցերը։
« Մենք կարծում ենք, որ լավ արդյունք կլինի, եթե գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին Կիևում, ավարտվի վերջնարդյունք ունեցող փաստաթղթով։ Սա պետք է բովանդակի բոլոր առանցքային հարցերը և խնդրահարույց ոլորտները, որոնք վերաբերում են Ռուսաստանի կողմից ժամանակավոր նվաճված Ղրիմին»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։
Կորինևիչը դժգոհել է, որ թեպետ Ղրիմի հիմնանդրի շուրջ միջազգային մակարդակով դիվանագիտական և իրավապաշտպան բազմաթիվ ուժեր ջանքեր են գործադրում, սակայն մինչ այսօր լիարժեք հարթակ չի ստեղծվել, որպեսզի քննարկվեն նվաճված թերակղզու բոլոր հարցերը։
Հիշեցնենք, որ «Ղրիմի հարթակը» պաշտոնապես կմեկնարկի իր գործունեությունը Կիևում 2021թ օգոստոսի 23-ից: Գագաթնաժողովը կլուսաբանի Ղրիմի թերակղզու ապանվաճման ուղիները։ Ուկրաինական կողմը ջանում է միջոցառմանը տալ միջազգային ընդգրկուն արձագանք՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարների:
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը ուկրաինական այդ նախաձեռնությունը համարում է ոչ բարեկամական քայլ և իր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն։ Դեռևս ապրիլին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել էր, որ «Ղրիմի հարթակին» աջակցել են 10 երկրների ղեկավարներ, սակայն նա չի մասնավորեցրել, թե ինչ երկրների մասին է խոսքը։ Դժվար է ասել, թե լրջության ինչ հնչողություն կունենա գագաթնաժողովը, սակայն հայտնի է, որ ուկրաինական կողմը ջանքեր է ներդնում, որ այն հնարավորինս ներկայացուցչական լինի։
Հայտնի է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհրավիրի Իսրայելի նորընտիր վարչապետ Բենեթ Նաֆթալիին, սակայն ամենայն հավանականությամբ՝ վերջինս  չի մասնակցի այդ գագաթնաժողովին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն