ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԵՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ. Մ. Մարգարյան

 

ԽՍՀՄ փլուզումից ի վեր ազատական-դեմոկրատական արժեքային համակարգով աշխարհի գլոբալացման, միասնականացման սցենարը նպատակ է դրել համասեռ, միատար դարձնել գլոբալ տարածությունը: Գլոբալ տարածությունում մշակույթը այն լուրջ արգելքն է, որ խոչընդոտում է գերտերությունների կողմից այլ հանրույթների տարածությունները «խաղաղ ճանապարհով» տնօրինելուն և օգտագործելուն,  միաժամանակ ըմբոստանում է իր համար «ընտրած» և իրեն պարտադրված ժամանակի՝ ապագայի դեմ, եթե այն խորթ է:

Աշխարհի միասնականացումը նպատակ է հետապնդում վերացնել տարածությունը, ժամանակի և մշակույթի բազմազգ, աշխարհաքաղաքական, սոցիալական անհամասեռությանը: Այդ մտահոգությամբ է նաև միջազգային հանրությունը ինտենսիվ «կարգավորում» միջէթնիկական, միջազգային կոնֆլիկտները, որի «օբեկտներից» մեկն է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:

Իրավացի է ռուս քաղաքագետ Ա. Պանարինը, որն իր մենագրության մեջ ասել է. «Մոդեռնի «ժամանակի մեքենան», մի օր գործարկված Եվրոպայում, շարունակում է ստեծել նոր կարգ և ինստիտուտներ այնպես, կարծես թե գործարկում է բացարձակ դատարկության և վակումի մեջ»: Իսկ մոդեռնի, կամ որ նույն է` արևմուտքի ժամանակը երկփուլ է, որը կարող է դրսևորվել պրոգրեսի և ռեգրեսի փուլերի տեսքով, անհատապաշտության և կոլեկտիվիզմի (Ա. Շլեզինգեր), ձախ և աջ կուսակցությունների իշխման (Լեկելո), կամ էլ մեկուսացմանը և ընդարձակմանը միտված պետական քաղաքականության (Քիսինջեր), ինչպես նաև կանֆորմիստական և ոչ կոնֆորմիստական սերնդային փուլերի տեսքով:

Եթե մինչև 1996 թ. վստահաբար կարելի է ասել, որ հայ իրականության համար դիտվում էր մոդեռնի պրոգրեսը, ապա 1996թ. նախագահական ընտրությունները վկայեցին մոդեռնի ռեգրեսի մասին: Ընդ որում, այդ փուլը` գլոբալացման մարտահրավերը, երկու պատասխան կարող էր ստանալ՝ մերժել կամ ընդունել: Վերջինի դեպքում՝ ընդունելով առաջադրված բոլոր նախապայմաններն ու պայմանները, և ճանաչել իրենց համար ընտրված ժամանակը՝ որպես սեփական ապագա:

Ցանկացած նմանօրինակ մարտահրավերի պատասխան միշտ տրվել և տրվում է մշակույթի միջոցով: Վերջինս ունի երկու բաղադրիչ՝ գծային, ծրագրավորող բաղադրիչ, որը տրվում է մշակութային ավանդույթների, ստեիրոտիպերի, արխետիպերի միջոցով (Կ. Յունգ) և բարոյական-էսթետիկ հակազդման բաղադրիչը, որն էլ հակազդում է ծավալված իրավիճակների ծայրահեղություններին: Մշակույթի երկու բաղադրիչներն էլ ձևավորում են գծային և ցիկլիկ ժամանակներում:

Հետխորհրդային հանրապետություններում մոդեռնի սցենարը ակնկալում է ընդամենը ցիկլիկ բաղադրիչի պատասխանը, քանզի այն գծային ժամանակ-մշակույթի համեմատությամբ առավել թույլ պատասխան է ենթադրում: Այս պատասխանի համար է մոդեռն-պոստմոդեռնը տարածությունը դարձնում բազմասկիզբ կազմակերպված, համընդգրկուն, անսահմանափակ տարողունակ՝ ցանկացած մարտահրավերի և պատասխանի համար: Ինչպես նաև՝ համընդհանուր թունավոր և ականապատված բոլոր նրանց համար, ովքեր շեղվում են մոդեռնի սցենարից և փորձում են պատասխանի այլ տարբերակ առաջարկել՝ մասնավորապես գծային ժամանակ-մշակույթի տեսքով: Այդ տարածությունում են ակնկալվում թե անցյալի, թե ապագայի բոլոր մարտահրավերներն ու պատասխանները՝ անմիջապես ձայնի իրավունք տալով նրանց: Այդ է պատճառը, որ մոդեռնի սցենարի թշնամի է դառնում սեփական մշակույթ-ժամանակի գերազանցապես առաջին՝ գծային-ծրագրավորող բաղադրիչը և նրա հիմնական բաղադրիչը «ազգային մենթալիտենտը» որակվում է անցյալի վերապրուկ, դառնալով մոդեռնի մշակույթում տարրալուծման, ասիմիլացման թիրախ:

Մեկ կարևոր հանգամանք ևս. այդ բազմասկիզբ տարածությունում է արևմուտքը ազդարարում «պատմության վերջը» (Ֆ. Ֆուկոյամա) և «քաղաքակրթությունների բախում» (Ս. Հանթինգթոն)՝ բախման մեջ դնելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի քաղաքակրթությունները: Այստեղ է ծնունդ առնում սոցիալ-դարվինիզմը՝ լիբերալիզմի տեսքով, որի հիմքում ընկած է քաղաքականության սուբյեկտների մրցակցային կենսունակությունը, գոյության պայքարում «բնական ընտրության» սկզբունքը: Այս սկզբունքի համաձայն է, որ մոդեռնը արդարացնում է այլոց տարածքների «արդյունավետ օգտագործումը» կենսունակ տրանսազգային կազմակերպությունների միջոցով, քանզի գլոբալ քաղաքականության ավանդական սուբյեկտ-պետության միջոցով այն իրականացնելը հակասում է այլոց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինքնուրույնության սկզբունքներին: Հետևապես, պատահական չէ, որ պոստմոդեռնը իր համար ընտրել է բացառիկ «անմեղ գործիք»՝ ձեռնարկություն, որը հավակնում է տրանսազգային կորպորացիայի կարգավիճակի:

Հիմնականում թվարկված գործոններն են գլոբալ տարածությունում ձևավորում զոհի դաշտ բոլոր նրանց համար, ովքեր միտում ունեն շեղվել այս սցենարից, ովքեր սեփական սցենարն են առաջ քաշում, ովքեր չեն հասկանում գլոբալ տարածություն –ժամանակ-մշակույթի տրամաբանությունը: Բազմասկիզբ տարածության վերոնշյալ առանձնահատկություններն են, որ հակադրվողին զոհասեղան են բարձրացնում անմիջապես: Պարզապես «հանդուգնի» պատասխանն ու զոհաբերությունը գրեթե միաժամանակ են հարակից տարածություններում և ժամանակներում:

 

Շարունակությունը կարող եք ընթերցել վաղվա մեր հրապարակման մեջ։

Մ.Մարգարյանի բոլոր հոդվածները կարող եք կարդալ նրա բլոգում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն