ԳՄՕ երեխաներ, ԱՀԿ-ի` մարդու ԴՆԹ-ն խմբագրելու առաջարկություններ … ինչ է կատարվում գիտական աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկուշաբթի հրապարակել է 2 հաշվետվություն, որոնք լուսաբանում են գենային ինժեներիայի ամենաարդիական և վիճահարույց հարցը՝ մարդու ԴՆԹ-ի խմբագրումը (փոփոխությունը)։

Պաշտոնական նախապատրաստական աշխատանքները պահանջել են ավելի քան 2 տարի, իսկ փաստաթղթերի մշակմանը մասնակցել են ողջ աշխարհի հարյուրավոր փորձագետներ․ ոչ միայն գիտնականներ, այլ նաև բարեգործական և ոչ կոմերցիոն կազմակերպությունների աշխատակիցներ, կրոնական առաջնորդներ, արդյունաբերության ոլորտի, տարբեր երկրներից բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ և այլն։

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ներառվել են 2 տասնյակ ներկայացուցիչներ ողջ աշխարհի գիտական շրջանակներից, սակայն այս հանձնաժողովում ռուսներ չեն ընդգրկվել։ Ռուսական գիտական հանրույթի ներկայացուցիչների բացակայությունն անակնկալ էր հատկապես այն համապատկերում, որ ռուս կենսաբան Դենիս Ռեբրիկովն այն սակավաթիվ գիտնականներից է, ով բազմիցս բաց հայտարարել է երեխաների գենետիկ մոդիֆիկացման իր ծրագրերի մասին։

Ռուս կենսաբանը ցանկանում է ստեղծել ԳՄՕ-երեխաներ․ ի՞նչն է խանգարում նրան և ի՞նչ կապ ունի Պուտինը։

Նախևառաջ երկու փաստաթղթերում պաշտոնապես հայտարարվում է, որ մարդու գենետիկ նյութին ցանկացած միջամտություն կարող է իրականացվել միայն երեք հիմնական պահանջների պահպանման դեպքում. այդ աշխատանքը պետք է լինի անվտանգ, արդյունավետ և համապատասխանի էթիկայի չափանիշներին:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսի խոսքով՝մարդկային գենոմի փոփոխության տեխնոլոգիան մինչ օրս նախադեպը չունեցող հնարավորություններ է բացում տարբեր հիվանդությունների բուժման համար։ Սակայն դրանք ամբողջությամբ կարել է իրացնել միայն այն դեպքում, եթե «դրա կիրառումն ուղղորդվի ողջ մարդկության օգտին և ոչ թե հետագայում է՛լ ավելի սրի անհավասարությունը առողջապահության ոլորտում։

Բանն այն է, որ տեխնոլոգիան, որն ի սկզբանե ուղղված էր հազվագյուտ գենետիկական հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը, կարող է օգտագործվել «ինժեներական (տեխնոլոգիական) երեխաներ» ստեղծելու համար, ում «հարուստ ծնողները» կարող են փաստորեն գենետիկ մակարդակով ծրագրավորել մինչ նրանց ծնունդը:

Ահա այսպիսի տեսք ունի մարդու ԴՆԹ-ն, եթե այն պատկերենք գույների տեսքով: Հաջորդականությունը կազմված է դեղին, կանաչ, կարմիր և կապույտ շերտերից, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է չորս ազոտային հիմքերից մեկին: Հեղինակ` SCIENCE PHOTO LIBRARY

             Վտանգավոր փորձեր

Երկու փաստաթղթերի շուրջ աշխատանքն սկսվեց այն բանից հետո, երբ 2018-ի վերջին պրոֆեսոր Հե Ցզյանկույը, գիտական ​​ողջ հանրության համար անսպասելի կերպով, հայտարարեց Չինաստանում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաների ծննդյան մասին: Նրա խոսքով՝երկվորյակ-աղջիկների ԴՆԹ-ն խմբագրել են մինչ սաղմնավորումը, որպեսզի նրանք անընկալունակ լինեն ՄԻԱՎ-ի վարակի հանդեպ։

Ավելի ուշ պարզվել է, որ պրոֆեսոր Հեի աշխատանքի մասին, իր լաբորատորիայի սահմաններից դուրս, ոչ ոք իրազեկ չի եղել։ Իսկ ծնողների համաձայնությունը նա ստացել է ՝ ցույց տալով նրանց էթիկայի հանձնաժողովի կեղծ կարծիքը։ Սրա համար մեկ տարի անց Չինաստանի դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման:

   ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ …

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն