Հաջորդ անգամ Sputnik-V-ով կպատվաստվեք. Պուտինը Էրդողանին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը Սոչիում տևել է երկու ժամ 45 րոպե։ Բանակցությունների ավարտի մասին հայտնել է  Anadolu գործակալությունը։

Պուտինը խոսակցության թեման տարել է դեպի կորոնավիրուսային հիվանդություն` նշելով, որ իր շրջապատում 55 մարդ արդեն վարակվել է, իսկ իր մոտ հակամարմինների տիտրը բարձր է։

«Որքա՞ն հակամարմին ունեք»,-  հարցրել է Էրդողանը:

«Չեմ հիշում, դրանք տարբեր կերպ են հաշվարկվում ՝ 15-16»,- պատասխանել է Ռուսաստանի նախագահը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դա ցածր մակարդակ է։ Օրինակ իր հակամարմինների տիտրը «ավելի քան 1100» է:

«Նայած, թե ինչպես գնահատեն»,- արձագանքել է Պուտինը։ Նա նշել է, որ մասնագետներն իրեն հավաստիացրել են, որ իր հակամարմինները բարձր են։ «Ես ամբողջ օրն անց եմ կացրել վարակված անձի հետ և չեմ հիվանդացել: Այնպես-որ երբ կրկնակի պատվաստվեք` օգտագործեք Sputnik V», — Էրդողանին խորհուրդ է տվել Ռուսաստանի նախագահը:

Էրդողանը պատասխանել է, որ արդեն պատվաստվել է ամերիկյան Pfizer պատվաստանյութով:

«Այդ դեպքում` Sputnik V- ով` հաջորդ անգամ»,-  պնդել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայրում մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո երկու առաջնորդները մանրամասն հայտարարություն չեն արել:

Հանդիպումից հետո Պուտինն ասել է. «Հանդիպումը շատ օգտակար և կարևոր էր»։

«Մենք հեռացանք Սոչիից իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ հանդիպումից հետո»,- գրել է Էրդողանը` Twitter-ի իր միկրոբլոգում:

Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում էին Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, կապի գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:

Սոչիում հանդիպումն անցկացվել է այն ժամանակ, երբ լարվածությունն ու հակամարտությունները մեծացել են Սիրիայի Իդլիբ նահանգում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն