ՀԱՊԿ-ը մեզ մերժեց և մենք պետք է դիմենք միջազգային կառույցներին. Անդրիաս Ղուկասյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ, «Հայ կառուցողական և պահպանողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը: Թեման քարոզարշավն է, դաշիքի տեսլականը:


— Պարո՛ն Ղուկասյան, ժամեր առաջ կրկին Ադրբեջանին հաջողվեց ՀՀ տարածքից հայ զինվորականի գերեվարել, այս անգամ` Սյունիքի մարզից: Դաշինքը սահմանային անվտանգության խնդրի կարգավորման ի՞նչ մեխանիզմներ ունի, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:
— Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որովհետև ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները չի կատարում: Նման իրավիճակում մեր սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ-ը չի պաշտպանում: Այդ կառույցը մեզ մերժեց և մենք պետք է դիմենք միջազգային կառույցներին։ ԱՄՆ-ու Ֆրանսիան պատրաստ են մեզ պահանջված աջակցությունը տրամադրել, դրա համար մենք պարզապես պետք է դիմենք իրենց: Ինչո՞ւ մեր երկրի սահմաններն անվտանգ չեն պատերազմի ավարտից 7 ամիս անց, որտե՞ղ է թերանում երկրի քաղաքական իշխանությունը կամ գուցե` Զինված ուժերը:

Դա լուրջ բացթողում է և այդ բացթողումն արագ լրացնելու միակ ձևը միջազգային օժանդակության դիմելն է: 7 ամսվա մեջ ոչ մի բան չարվեց մեր բանակն ամրապնդելու համար։ Ընդհակառակը՝ թուլացվեց այն, ինչ կար, և այսօր ունենք այն, ինչ ունենք:

— Ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումը:
— Մենք չենք կարծում, որ արցախահայության օրինական շահերի հաշվին կարելի է լուծել Հայաստանի ապաշրջափակման խնդիրը՝ այսինքն հանձնելով Ղարաբաղը ձեռք բերել դեպի Ռուսաստան լրացուցիչ կոմունիկացիաներ։ Դա անընդունելի մոտեցում է, ինչն այսօր իշխող ուժը փորձում է մատուցել մեր ժողովրդին, որպես ինչ-որ հանճարեղ մոտեցում։ Բայց դա հայ ժողովրդի համար կլինի մեծագույն կորուստ: Ուստի մենք գտնում ենք, որ քանի դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կատարված չեն, խոսել Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման մասին դեռ վաղ է: Այսօր ՀՀ-ի գլխավոր կոմունիկացիոն կենտրոնը Վրաստանն է: Հարկավոր է հարաբերությունները ամրապնդել նախ Վրաստանի հետ, քանի որ այն ուղի է դեպի Եվրոպա, դեպի աշխարհ:

— Գերիների վերադարձի խնդրի կարգավորման ի՞նչ լուծում ունի «Ազատ հայրենիք» դաշինքը:
— Այսօր արդեն ձևավորվել է բավականին լուրջ միջազգային ճնշում Ադրբեջանի նկատմամբ, և Հայաստանի արտաքին քաղաքականության միակողմանիության փոփոխությունը, պրոռուսական քաղաքականությունից հրաժարվելը, հնարավորություն կստեղծի Ադրբեջանի դեմ միջազգային ճնշում նախաձեռնել: Ադրբեջանն ի զորու չէ հակադրվել Եվրոմիությանը և կկատարի իրեն ուղղված պահանջները:

— «Ազատ հայրենիք» դաշինքը իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականություն տեսնո՞ւմ է:
— Ո՛չ, մենք կարծում ենք, որ այդպիսի հնարավորություն չկա, քանի որ իշխող ուժը հանդես է գալիս ապակառուցողական ծրագրով՝ մեր հայրենիքը քանդելու և ազատ երկիրը Ռուսաստանից կախյալ դարձնելու, Արցախը հայաթափելու և այլ դրույթներով:

— Ինչո՞ւ քվե տալ հենց «Ազատ հայրենիք» դաշինքին:
— «Ազատ հայրենիքը» կարող է վերականգնել մեր անվտանգությունը՝ ընդունելով Ֆրանսիայի օժանդակությունը: Կարող է լուծել Արցախի հանրապետության ճանաչման հարցը՝ պատշաճ ներկայացնելով Արցախի անկախության իրավական հիմքերը ՄԱԿ-ում և Հաագայի դատարանում: Մենք կարող ենք տնտեսության կայուն զարգացում ապահովել, քանի որ կախված չենք օլիգարխիայից: Մենք այդ լրջագույն նպատակներին կարող ենք հասնել մեր ժողովրդի հետ միասին:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն