Հեզբոլլահի առաջնորդը ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի բանակցությունները

Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի ուրբաթ կայացած բանակցությունները, որոնք անցկացվել են Իրաքում։ Նասրալլայի կարծիքով՝ այդ բանակցությունները կարող են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում։

— Մենք ողջունում ենք Իրանի մասնակցությամբ ցանկացած երկխոսություն՝ միջազգային, տարածաշրջանային կամ արաբական մակարդակներում,- հայտարարել է Նասրալլան` լիբանանյան հեռուստատեսությամբ։

Իսկ Իրաքի նախագահ Բարխամ Սալեհը հայտարարել է, որ իր երկիրը բազմիցս միջնորդել է, որպեսզի տարածաշրջանային մրցակիցներ Սաուդյան Արաբիան և Իրանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ակնկալվում է, որ այս ամսվա ընթացքում լրացուցիչ բանակցություններ կկայանան 2 երկրների միջև։

Ավելի վաղ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը կոչ է արել լավ և հատուկ հարաբերութուններ ունենալ Իրանի հետ։ Թեհրանում ողջունել են սաուդների տրամադրվածության փոփոխությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն