ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել. 168.am

Մի քանի օր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա»-ն չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, ՊՆ-ից վստահեցրել էին, որ ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր, և, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին:

168.am-ը փորձեց Պաշտպանության նախարարությունից ճշտել՝ ներկա դրությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական քանի՞ զինծառայող կա:  Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ հստակ թվի չեն տիրապետում, միայն գիտեն՝ 1000-ից ավելի չի:

Նշենք, որ 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը 500-600 է: Դրանից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 13-ին, Փաշինյանը հայտարարել էր 250 ադրբեջանցի զինվորականների Հայաստանի սահմաններից ներս գտնվելու մասին:

Այսօր տարածվել է  տեսանյութ, որում երևում է թշնամու զինվորականների տեղաշարժը։

Ավելին, ՀՀ տարածքում 13 օր գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել` գուցե և բարոյական աջակցության նպատակով։

Իսկ տեսանյութերից երևում է, որ նկարահանումները Սյունիքի մարզի հատվածում են:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն