Հրապարակվեց Կոմանդոսի քաղաքական կտակը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ»-ն այսօր հրապարակեց վերջինիս քաղաքական կտակը։

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խորհրդի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տեղեկացրեց,  որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնել էր, որ երկրում ստեղծված այս ծանր վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն հայ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը։

Քաղաքացիական խորհուրդն, ինչպես որ ցանկանում էր լուսահոգի Կոմադոսը, կայացել է։ Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ մնում է կյանքի կոչել Կոմանդոսի պատգամը, որն է՝  Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ հայերի ջանքերով կառուցել կենսունակ, կայուն և ամուր պետություն։ Վերջինս ընդգծեց՝ Կոմանդոսի քաղաքական կտակը հենց նոյեմբերի 10-ին արված նրա հայտարարությունն էր.

«Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերին և թույլ տալ քայլեր, որոնք է՛լ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, որը ազնվորեն վճարել է իր պարտքը հայրենիքին ճակատում եւ հիմա էլ  շարունակում եմ: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ:

Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը»,- ասել էր Արկադի Տեր-Թադևոսյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն