Ի՞նչ պատճառաբանությամբ է Տիգրան Ավինյանն ազատվել ՀՀ Զինված Ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2005-2009 թվականներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսումը շարունակելու համար: Այս մասին «Փաստարկ» լրատվականին հայտնի է դարձել ՀՀ փոխվարչապետի գրասենյակին կատարված հարցմանն ի պատասխան:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «ա» կետի համաձայն (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է` պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին:

Այնուհետև, Տիգրան Ավինյանն, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից` նույն օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի համաձայն (Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է` հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից):

Իսկ թե՝ պարոն Ավինյանի մոտ հստակ ի՞նչ առողջական խնդիր կա, ինչի հետևանքով նա բացարձակապես պիտանի չէ զինվորական ծառայության համար, «Փաստարկ» լրատվականը կփորձի պարզել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ ուղարկվելիք առաջիկա հարցման միջոցով:

Ստացվում է, սակայն, որ զինվորական ծառայության համար ոչ պիտանի անձը պիտանի է համարվել Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու համար։ Ցավոք սա աննախադեպ երևույթ որակել չենք կարող, քանզի արդեն երեք տարի շարունակ ՀՀ-ում բարձ պաշտոններ զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը այս կամ այն առողջական խնդրի պատճառով բաց են թողել ՀՀ Զինված ուժերում հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի կատարման հնարավորությունը, համարվելով՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

Ահա, թե ինչ է պատահում, երբ պատերազմող երկիրը ղեկավարում են պատերազմի համար ոչ պիտանի անհատները։ Գուցե սա է պատճառը, որ մենք այլևս կանգնած ենք պետականության կորստի, ՀԱՅ ԱԶԳԻ վերացման վտանգի և հայկական բնօրրանում՝ թրքացման սպառնալիքի առաջ։

 

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն