Ինչո՞ւ էր Արսեն Խառատյանը պայքարում Երևանում  Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկեր և հայատյաց Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու համար

Դեռևս նախորդ տարվանից, Հայաստանում ավերիչ գործունեություն ծավալող Բաց Հասարակությունների (Սորոսի) հիմանադրամի երկարամյա և հավատարիմ շահառուների ջանքերով փորձ էր արվում Երևանում կանգնեցնել հնդիկների հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը: Այս մասին լուրերը, սակայն, անմիջապես հակասական և բուռն ընդունելության արժանացան հասարակության լայն շերտերի մոտ: Ինչո՞ւ հենց Գանդիի արձանը, կամ ինչո՞ւ այստեղ՝ Հայաստանում, արդյո՞ք նա որևէ կապ կամ աղերս ունի մեր իրականության հետ, հանուն հայ հնդկական բարեկամական հարաբերությունների՞,  թե՞ այլ պատճառ էլ կա: Սրանք հնչեցված բազմաթիվ և բազմապիսի հարցերից մի քանիսն էին միայն, որ ծագեցին Գանդիի արձանի տեղադրման լուրից անմիջապես հետո:

Այնուամենայնիվ, արձանը կանգնեցնելու քննարկումներին Երևանի ավագանին դրական լուծում տվեց: Որոշումն ընդունվեց անմիջապես Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին հաջորդող օրերին՝ ապրիլի 28-ի ավագանու նիստի ընթացքում:

«Փաստարկ» լրատվականին հաջողվել էր պարզել, որ Գանդիի արձանի տեղադրման առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից, իսկ նախարարությունն իր հերթին՝ ՀՀ-ում Հնդակասատանի դեսպանատնից՝ Գանդիի ծննդյան 150-ամյակի առիթով: Միաժամանակ դեսպանատնից հայտնել էին, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը, իսկ տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: Հնդիկների հոգևոր առաջնորդի արձանը, սակայն, մինչ օրս չի տեղադրվել: Ինչպես հաջողվեց պարզել «Փաստարկ» լրատվականին, արձանի նախատեսված տեղում միայն դրա կիսակառույց պատվանդանն է, ինքը՝ արձանը բացակայում է:

Մտափոխվե՞լ են արդյոք Սորոսի հիմնադրամի հավատարիմ շահառուները՝ արձանի տեղադրման հարցում, թե՞ այլ պատճառ կա, այս պահին սա չէ կարևորը: Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ էին Հայաստանում սորոսական շահերն առաջ տանող խմբակի անդամները ջանք թափում Երևանում կանգնեցնել հնդիկ առաջնորդի արձանը:

Սովորաբար երկրում որևէ գործչի (պատմական, քաղաքական, հոգևոր կամ մշակութային անձի) արձան, հուշարձան կամ քանդակ տեղադրվում է ոչ միայն գեղագիտական նկատառումներից ելնելով, այլև առաջին հերթին ցույց տալու համար տվյալ անձի անցած ճանապահը կամ թողած պատմական հետքը՝ որպես խորհրդանիշ: Ուրեմն, ի՞նչն է կապում հայերին և հնդիկ հոգևոր առաջնորդին կամ ի՞նչ պետք է խորհրդանշեր Երևանում Մահաթմա Գանդիի տեղադրվելիք արձանը:

Համադրելով պատմական փաստերն ու իրողությունները` փորձենք հասկանալ՝ ո՞վ է եղել Գանդին կամ կարո՞ղ էր արդյոք նա հայ-հնդկական բարեկամական հարաբերութունների խորհրդանիշ լինել: Գլխավոր շարժառիթը, թե ինչո՞ւ հանրության մի զգալի հատված դեմ արտահայտվեց Երևանում նրա արձանի տեղադրման որոշմանն այն էր, որ ինչպես ժամանակակից Հնդկաստանի ազգային կոնգրեսը, այնպես նաև Գանդին՝ ինքը, երբեք չի ընդունել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը, ավելին՝ նա Հայաստանը համարել է Թուրքիայի անբաժանելի մասը, իսկ Օսմանյան Թուրքիան՝ Առաջին համաշխարհային պատերազմում տուժված երկիր: Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկերը, խալիֆաթի շարժման ջատագովն ու հայկական հարցի՝ Սևրի պայմանագրի արդարացի լուծման գլխավոր խոչընդոտներից մեկը՝  Մահաթմա Գանդին իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում արհամարհել է հայ ազգի գոյության իրավունքը և, փաստորեն, այսպիսով մերժել հայ դատը: Այսքանով հանդերձ, հարցը՝ ինչպե՞ս կարող է մեծ խաղաղարար հռչակված Մահաթմա Գանդիի արձանը խորհրդանշել հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները՝ պատմական տեսանկյունից, մնում է անհասկանալի և անպատասխան:

Եթե փորձենք Երևանում Գանդիի արձանի տեղադրման սիմվոլիկ գաղափարը վերլուծել բացառապես քաղաքական տեսանկյունից,  ապա կուրվագծվի հետևյալ պատկերը. ո՞վ է եղել աշխարհի ամենահայտնի ոչ բռնի պայքարի առաջնորդը՝ թերևս Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում   ոչ բռնի պայքարը: Դա քաղաքացիական անհնազանդությունն է կամ ազնիվ և բացահայտառանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողությունքաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների,  քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց: Ծանոթ մտքեր են, այդպես չէ՞…

Անցնելով առաջ, ասենք, որ Գանդիի առաջ քաշած քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և, իշխանության աքիլլեսյան գարշապարին անընդմեջ սեղմելով, հասնել իշխանության պաշտոնանկության: Առաջին անգամ քաղաքացիական անհնազանդություն տերմինը կիրառել են Հենրի Թորոն (1849), Ռալֆ Էմերսոնը: Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության հիմքում։ Ոչ բռնի պայքարը առաջին անգամ քաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը նա գործնականորեն կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝  նաև Հնդկաստանում: Փաստենք, որ Հնդկաստանը բրիտանական գաղութարարությունից ազատագրելու պայքարը Գանդին ևս մեկնարկել էր երկար քայլարշավով, որի ընթացքում նա ամենուրեք դիմում էր իրեն հանդիպող ժողովրդին և յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ մարդ միացնում իր երթին։

2018-ի գարնանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ականատեսն ու մասնակիցը դարձան Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մոդելով՝ սատյագրահա տեխնոլոգիաների հաջող կիրառմամբ կյանքի կոչված ոչ բռնի, թավշյա հեղափոխության իրականացմանը: Հետևաբար, Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը, զուտ քաղաքական տեսանկյունից վերլուծելով, յուրատիպ հարգանքի տուրք կարելի է համարել՝ թավշյա հեղափոխություն իրականացնողների և ջատագովների անունից՝ Գանդիի հոբելյանական 150 ամյակի առիթով:

Վերջին դրվագը, որ մնում է պարզաբանել Գանդիի արձանի տեղադրման այս ողջ պատմության մեջ, հետևյալն է՝ ովքե՞ր են Գանդիի ջատագովները, ինչպե՞ս են նրանք փորձում իրականացնել իրենց այս գաղափարը և ինչո՞ւ կամ հանուն ինչի՞ Հայաստանի Հանրապետության սրտում պետք է կանգնեցվի հայատյաց հնդիկ քաղաքական գործչի արձանը: Պարզվում է, գանդիականության, Գանդիի գաղափարների, նրա ուսմունքների տարածման նպատակով Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2015 թվականից ստեղծվել և պաշտոնապես գործում է «Գանդի Հայաստան» հիմնադրամը, որն ուղղված է ոչ միայն Մահաթմա Գանդիի կյանքի ու գործունեության մասին տեղեկատվության տարածմանը, այլև այդ գործունեության արդիականությունը հաստատող գործընթացներին: Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն է ունեցել ինչպես ազգային և միջազգային շարժումների կողմնակիցների և առաջնորդների հոգեբանության, գործելակերպի, այնպես էլ մարդկանց աշխարհայացքի ու մտածելակերպի վրա: Տեղեկացնենք, որ «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչը սորոսական հայացքներով հայտնի Արսեն Խառատյանն է: Իր հարցազրույցներից մեկում ( https://factor.am/229462.html) խոսելով «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասին, որն անցյալ տարի այս օրերին անցկացվում էր Հայաստանում (https://www.youtube.com/watch?time_continue=97&v=Z4U5FvDX7ew&feature=emb_title)  և նպատակ ուներ խաղաղության քարոզով ոտքով քայլելով անցնել տասը պետություն, Արսեն Խառատյանն ուշագրավ բացահայտումներ է անում: Ըստ «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցչի՝ Գանդիի 150-ամյակին սկիզբ առած` մարդկությանը համախմբելու նպատակով կազմակերպված գլոբալ քայլերթը նախաձեռնվել է դեռևս երկու տարի առաջ. «Մինչհեղափոխական շրջանում գծում էինք այն ուղին, որով քայլերթը պիտի տեղի ունենար, հատկապես՝ Հայաստանում. ովքեր էին մեր գործընկերները, ում հետ էինք աշխատելու: Այն ժամանակից էլ մեր գործընկերներից էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հետ մեր գործընկերները մինչ հեղափոխությունը հանդիպել էին։ Ե՛վ քայլարշավը, և՛ ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու մեթոդ, քննարկվել էր։ Բայց կարելի է ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք»,- պատմում է Արսեն Խառատյանը:

Աշխարհին խաղաղություն քարոզող «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հայաստանյան այցը հատուկ առաքելություն էին համարում: Ասում էին, որ իրենք զբոսաշրջիկներ չեն, բայց քայլերթով հայաստանյան հարավային դարպասներից՝ Մեղրիից հասնելու են մինչև Տավուշ, մտնելու են գյուղեր և ավաններ, ճանապարհին հանդիպած մարդկանց իրենց պատկերացրած արդարություն և խաղաղություն քարոզն են անելու: Քայլարշավի մասնակիցներին Հայաստանում ուղեկցում էր «Գանդի Հայաստան» հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը և ուրիշներ: Խաղաղության քարոզիչները հասցրել էին անգամ Ազգային Ժողովին նվիրել իրենց հոգևոր հոր՝ Մահաթմա Գանդիի կիսանդրին, իսկ Հայաստանում նախատեսում էին մնալ այնքան, մինչև կմասնակցեն Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը, ինչն, ինչպես արձանագրեց «Փաստարկ» լրատվականը, այդպես էլ տեղի չի ունեցել:

Այսպիսով, ուրվագծվում է նաև Գանդիի արձանը Հայաստանում տեսնելու ջատագովների նեղ շրջանակը, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունն է, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, խաղաղության անհասկանալի՝ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ինտերնացիոնալ կազմը, նրանց ուղեկցող և թուրքերին ներելու և նրանց հետ բարեկամանալու ակտիվ կոչերով հանդես եկող Արսեն Խառատյանը, նրա գործընկեր հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի մերձավոր շահառուների ցանկը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի՝ ավագանու անդամ հանդիսացող դուստրը և, հավանաբար, սրանց մերձակա շրջապատի անդամները նույնպես:

Մնում է հասկանալ և պարզել վերջինը՝ ինչպե՞ս կամ ի՞նչ պատճառաբանությամբ մենք իրավունք կունենանք այսուհետ մերժելու, ասենք՝ Գանայի կամ Ուզբեկստանի, Ֆրանսիայի կամ Ուգանդայի, Ռուսաստանի կամ Մեքսիկայի ազգային հերոսների, քաղաքական կամ պատմական այս կամ այն անձի արձանի տեղադրումը մեր Հանրապետության տարածքում, եթե հանկարծ, Աստված չանի, այդպիսի խնդրանքով որոշեն հանդես գալ այդ երկրների դեսպնատաները և այդ խնդրանքները որպես առաջարկ ձեռները բռնած Երևանի ավագանի մտնեն մեր նախարարությունները…

Վերջաբանի փոխարեն նկատենք միայն, որ հայատյաց և թրքասեր Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու ցանկությունից ընդամենն ամիսներ անց, հայկական կողմը հայտնվեց թուրք — ադրբեջանական տանդեմի հրահրած դավադիր պատերազմի հորձանուտում, որտեղից դուրս եկավ Արցախի Հանրապետության տարածքների զգալի կորուստով, հազարավոր զոհված, անհետ կորած ու վիրավոր զինծառայողների անվերջանալի ցանկերով…Բացի այս, պատերազմից հետո փաստացի վտանգված է նաև Սյունքի մարզի հայկական պատկանելիության հարցը, ինչպես նաև՝ հայ – ադրբեջանական սահմանը՝ շփման գծի ողջ երկայնքով:

Միշտ չէ, որ որևէ ազգի հերոսը հերոս է նաև մեկ այլ ազգի համար։

Չնայած քաղաքական խաղերին և հայկական ազգանունով անձանց հակահայ գործունեությանը` հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերից ու գնալու է դարեդար։ Հին հնդկական պատմական գրությունները (վեդերը) ակնառու կերպով փաստում են դրա մասին։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն