Իլոն Մասկն Ուկրաինայում ակտիվացրել է Starlink արբանյակային ինտերնետ համակարգը

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության արբանյակային ինտերնետ համաստեղությունը՝ Starlink-ը, ակտիվացել է Ուկրաինայում:

Twitter-ում նշելով Մասկին՝ Ուկրաինայի փոխվարչապետ և թվային նորարարությունների նախարար Միխայլո Ֆեդորովը շաբաթ օրը գրել է. «Մինչ Դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինան։ Մինչ Ձեր հրթիռները հաջողությամբ վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները հարձակվում են ուկրաինացի քաղաքացիական անձանց վրա: Մենք խնդրում ենք Ուկրաինային տրամադրել Starlink կայաններ»։

«Starlink ծառայությունն այժմ ակտիվ է Ուկրաինայում։ Ավելի շատ տերմինալներ ճանապարհին են», — պատասխանել է Մասկը:

Starlink-ը ապահովում է արբանյակային ինտերնետ հասանելիության ծածկույթ աշխարհի մեծ մասի համար:

SpaceX-ը, որը հիմնադրվել է Մասկի կողմից 2002 թվականին, նախատեսում է Starlink արբանյակներով երկրի ուղեծրում ստեղծել 12000 արբանյակների ցանց: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Ընկերությունը նպատակ ունի հեղափոխել տիեզերական տեխնոլոգիաները՝ վերջնական նպատակ ունենալով մարդկանց հնարավորություն տալ ապրել այլ մոլորակների վրա, ասվում է ընկերության կայքէջում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն