Ինչի դիմաց կվերադառնան մյուս ռազմագերիները. հայկական դժբախտության թվաբանությունը

Ինչո՞ւ հենց հիմա, Խորհրդարանական ընտրությունների շեմին: Որոշները շնորհակալ են, որ 15 գերի վերադարձան հայրենիք։ Նրանց թվում էին ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 6 զինծառայողներից 4-ը: Իսկ հասարակության մի մասի համար սա էժանագին PR էր:

Չնայած պաշտոնական  Բաքուն բազմիցս հայտարարել է, որ այլեւս ռազմագերի չունի, այսօր նշվում է, որ վերադարձվել են այն 15 հոգին, ովքեր ունեին ռազմագերու կարգավիճակ՝ այսինքն քրեական գործերով չէին անցնում։
Մասնագետներն այլ աչքով են նայում իրավիճակին: Այս պահին Ադրբեջանի ձեռքում է Ակնայի ականապատված ողջ տարածքի քարտեզը:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իրավիճակը ներկայացնում է մասնագիտական տեսանկյունից.

«Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ մոտ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանալ, բայց  դիվանագիտությունից էլ չհասկանա՞ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմա՞ց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի , թե դա ինչ նվեր էր Ադրբեջանի համար։ Չփորձեք ոչ մեկդ ասել, թե 15 ընտանիքում լույս վառվեց։  Բա մյու՞ս ընտանիքները։ Բացի դա, վերջապես դուրս եկեք հուզական դաշտից։ Երբ ձեզ պետք է, մտնում եք հուզական դաշտ, երբ պետք չէ՝ դառնում եք իբրև թե պետական մտածող։

Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում»,- նշել է Կարեն Հովհաննիսյանը։


Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալության (ANAMA) պաշտոնյաները 2020 թվականի ձմռանը հայտնեցին, որ «ազատագրված» տարածքները ականներից մաքրելու համար կպահանջվի առնվազն 10-15 տարի:

Ռազմական փորձագետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2019 թ.-ին ANAMA- ի այն ժամանակվա տնօրեն Գազանֆար Ահմադովն ասել էր , որ կազմակերպության գործունեության 21 տարվա ընթացքում 804 քառակուսի կիլոմետր հող է մաքրել ականներից։
Ըստ Landmine Monitor Report-ի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականապատված տարածքների ընդհանուր տարածքը կարող է տատանվել 350 քառակուսի կիլոմետրից մինչև 830 քառակուսի կիլոմետրի սահմաններում:
Կրկին, ըստ պաշտոնական աղբյուրի, Ադրբեջանում 2013-2017 թվականներին ականներից մաքրվել է 19,44 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նշանակում է տարեկան միջինը 4-5 քառակուսի կիլոմետր։
ANAMA-ի փորձագետների կանխատեսումը հիմնված է հենց այս թվերի վրա, դրա համար նրանք ասում են, որ լավագույն դեպքում ականազերծումը կարող է ավարտվել 15 տարի հետո, և սա համարում են լավատեսական գնահատական, այսինքն՝ հնարավոր է այն ավելի երկարաձգվի։

Ադրբեջանն ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում է պատմական հաղթանակ։ Ալիևը նույնիսկ քննարկում է՝ հունիսի 12-ը Ակնայի ազատագրման օր հռչակելու հարցը:
Ըստ Կարեն Հովհաննիսյանի մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար պահանջվում է ավելի քան 1000 եվրո, իսկ մենք հանձնել ենք քարտեզ, որտեղ 100 000 -ից ավել ականի տեղորոշում կա։
Ըստ մի շարք մասնագետների այդ քարտեզների դիմաց կարելի էր վերադարձնել բոլոր գերիներին՝ քանի որ Ակնան ակազերծելու համար Ադրբեջանից պահանջվելու էր 10-15 տարի, 100 000 եվրոից ավելի գումար, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիներն իրենց իշխանությունների առաջ այդ տարածքները բնակեցնելու պահանջ էին ներկայացնելու։
Կարեն Հովհաննսիյանը նշում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի այլևս ռազմական ճանապարհով որևէ հարց չլուծվի. «Ադրբեջանը և Թուրքիան վստահ են, որ Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի միաձուլումն իրենց կարճ ժամանակի հարց է։ Եվ այդ ճանապարհին Ակնան անխոչընդոտ վերաբնակեցնելով, բնակչության քանակը 300 000 և ավելիի հասցնելով` սկիզբ կդրվի Արցախի գենոֆոնդը կուլ տալու գործընթացին»։
Քարտեզներին տիրապետող Ադրբեջանը կարող է նաև մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ականապատված այն բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ:
Այնուամենայնիվ ընտրություններից օրեր առաջ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի։

Թե ինչի դիմաց կվերադառնան մյուսները… հարցը մնում է անպատասխան…

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն