Ինչպես ենք դիմում մեր երեխաներին

Մեր մեծերը երեխաներին դիմելու, նրանց խաղացնելու համար գրեթե բանաձևային խոսքեր ու չափածո տողեր էին ասում, ոչ պատահական: Օրինակ բաբոս մեզ չէր ասում՝ արև, գանձ, կյանք, շունիկ, փիսո…., ասում էր՝ ղոչաղ բալես, ղոչաղ աղջիկներս, ղոչաղ բառն էլ այնպես էր արտասանում, որ մեր ունեցածին մի եռապատիկ, քառապատիկ ուժ էլ ավելանում էր:
Իմ հեքիաթային ընկերներից Աղավնին՝ երեք որդիների մայր, վերջերս ասաց, որ իրենք « Ձի, ձի»-ն ասելով երեխային խաղացնում են ու վերջում երեխայի անունը տալով հետևյալ խոսքերն են ասում ( եթե երեխայի անունը Վահագն է, Վահագնի տեղում ձեր երեխայի անունն եք ասում).
«Վահագնը նստե կապուտ քուռակ,
Մեջքին զենե պողպատ ուրագ,
Սուրբ Կարապետ տա հուր մուրադ»:
Իսկ դուք ինչպե՞ս եք դիմում ձեր երեխաներին, ի՞նչ բառեր եք օգտագործում, ինչո՞վ եք սնում նրանց անսահման վառ երևակայությունը, ինչի՞ հետ եք նույնացնում նրանց: Շփվո՞ւմ եք կենդանի խոսքով: Սրանք ամենակարևոր սերմնահատիկներն են, հոգևոր արժեքներ պարունակող, երբեք չհնացող…
Սա էլ «Ձի, ձին»՝ բարբառով: Շնորհակալ եմ Աղավնի Աբրոյան-ին՝ փոխանցելու համար:
Ձի՛, ձի, փեդե ձի,
Մըեր դըռան դեմ կապեցի,
Կարմիր գույնի ներկեցի,
Վոն(ով) ունի էսթար ձի,
Թող գըա տըղիս խետ մռցա:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն