Ինչու՞ ԱԻՆ ուսումնավարժանքներն իրական կյանքում ոչ մի արդյունք չեն տալիս

Հայաստանի ԱԻՆ ծառայությունը (911) ամենօրյա ռեժիմով անհայտ բաժանորդից նամակներ է ստանում Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտներում ռումբերի տեղադրման մասին։ Օրեր շարունակ ահազանգվում էր Մետրոյի կայարանների, «Զվարթնոց» օդանավակայանի, ՀՀ ԱԺ շենքի մասին, այսօր արդեն խոսքը գնում է Շիրակի օդանավակայանի և Գյումրիի գնացքի կայարանի մասին։

Այս ողջ խառնաշփոթում մեր ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք կենտրոնացնել նախորդ տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ-ի կողմից անցկացված ուսումնական վարժանքների վրա։

Այսպես.

2022 թվականի մարտի 30-ին Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ) ընկերությունը և ՀՀ ԱԻՆ-ը համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում։

Վարժանքներն անցկացվել են ԱԻՆ հատուկ տեխնիկայի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Վերականգնման և հրդեհաշիջման գնացքներ» ձեռնարկության աշխատակիցների ներգրավմամբ, որոնք ունեն փրկարարի որակավորում։

 

2021 թվականի մայիսի 21-ին ՀՀ ԱԻՆ-ը «ստուգել է երկրաշարժին դիմակայելու օդանավակայանների պատրաստվածությունը»։

Մասնավորապես անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակցել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, դրանում գործող պետական կառավարման համակարգի մարմինների ենթակա ստորաբաժանումների, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության շրջանակում մշակվել է սցենար, որի համաձայն Հայաստանի տարածքում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետը գրանցվել էր մայիսի 21-ին ժամը 07:30-ին: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը՝ Երևանից 18.4 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Առավել բարդ իրավիճակ էր սպառնում Արտաշատ, Մասիս համայնքներին, մասնակիորեն նաև Երևանին:

 

2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ-ը խոշոր ուսումնավարժանք է անցկացրել Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ներգրավվել է նաև սանավիացիոն ուղղաթիռը։

 

Հետաքրքիր է անշուշտ ԱԻՆ-ի կողմից կառույցների և վայրերի ընտրությունը։ Սակայն, ինչպես ցույց տվեց «Սուրմալու» տոնավաճառի պայթյունը, որտեղ ունեցանք և հրդեհ, և փլուզում, և տուժածներ, ԱԻՆ ծառայությունը բոլորովին պատրաստ չէր լուծելու իր առջև ծագած իրական (ոչ մոդելավորված) խնդիրները։

Մասնագետները և ականատեսները հիմնական խնդիրը տեսնում են կազմակերպչական օղակում` շեշտելով, որ և՛ ԱԻՆ աշխատակիցները, և՛ ՈՄԱ-ի ու Կարմիր Խաչի կամավորներն իրականացրել են առավելագույնը։

«Սուրմալուի» դեպքերի հետ կապված համոզվեցինք նաև, որ վարժանքների ժամանակ գովազդվող սանավիացիոն ուղղաթիռն այդպես էլ չօգտագործվեց իրական կյանքում, երբ ունեինք ոչ թե մեկ այլ տասնյակից ավելի տուժող։

ԱԻՆ աշխատակիցներից շատերը ու կամավորները չունեին անգամ ամենասովորական պաշտպանիչ ակնոցներ ու հակագազեր։ Շատերը բավարարվում էին ոչ մի բանից չպաշտպանող բժշկական դիմակներով։

Հետագայում հնչեցին թունավորումների և վնասվածքների մասին ահազանգեր։

Փորձագետների կողմից խոսվում էր նաև ուղղաթիռով կրակը մարելու անհրաժեշտության մասին։ Սակայն, իշխանական օղակը պնդում էր, թե ԱԻՆ-ը չունի նման ուղղաթիռ` անհայտ պատճառներով չդիմելով այլ գերատեսչություններին կամ այլ երկրների արտակարգ իրավիճակների նախարարություններին` օգնություն ստանալու և մարդկային կյանքեր փրկելու համար։

Իհարկե իրավապահ կառույցները պարտավոր են ուսումնասիրել, թե ինչ ուղղությամբ են ծախսվել ԱԻՆ վարժանքների համար դուրս գրված գումարները, եթե վերջնարդյունքում մենք չենք ունեցել կազմակերպված և սինքրոն գործող համակարգ։

Հետևելով ուսումնավարժանքների քրոնիկոնին և ստացվող ահաբեկչական նամակներին` կարելի է գուշակել, թե որ օբյեկտի մասին է ստացվելու հաջորդ ահազանգը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն