Ինչու չի կարելի բացել հայ-թուրքական սահմանը. Արթուր Գրիգորյան

Շատ է խոսվում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի միջև սահմանի բացման, ուղիղ առևտրաշրջանառության ձևավորման և տնտեսության զարգացման մասին, առանց հաշվի առնելու և հստակ հաշվարկներ կատարելու` ՀՀ տնտեսության վիճակի, հնարավորությունների և դրան սպառնացող վտանգների շուրջ։

Դեռ խորհրդային տարիներին Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը (ՀՍՀ), մասնավորապես 1960 — 1980 թթ, ունեցավ շատ լուրջ տնտեսական աճ։ Այդ ամենին նպաստեց քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը և մետաղամշակումը, սարքաշինությունը, հանքարդյունաբերությունը, էլեկտրոնային արդյունաբերությունը, ռադիոարդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, գորգաշինությունը, էլեկտրոէներգիայի արտադրությունը և այլն։

Բոլոր մարզերը զարգանում էին հավասարապես` թե տնտեսական և թե դեմոգրաֆիկ առումներով։ ՀՍՀ բնակչության թիվը կազմում էր մոտ 3,5 միլիոն։

Արդյունաբերությունը զարգանում էր հիմնականում ՀՍՀ-ում ստացված հումքի հիման վրա։

ՀՍՀ-ի գիգանտ գործարաններից էին «Նաիրիտը», «Կիրովականի քիմիկատների գործարանը» և այլն։

Մեծ քանակի էր հասնում նաև ՀՍՀ-ից արտահանումը` և՛ խորհրդային երկրներ, և՛ դրա սահմաններից դուրս։

Հատկապես հարգի էին ՀՍՀ-ում արտադրված խմիչքը, պահածոները, կաուչուկի ու ռետինի հումքի վրա արտադրված ցանկացած ապրանքատեսակ։

ՀՍՀ-ի տնտեսությունն օր օրի աճում էր։

 

Անկախանալուց անմիջապես հետո, գրեթե բոլոր գործարաններն ու արտադրամասերը փակվեցին, որոշ ժամանակ անց օտարվեցին վաուչերներով, որոնք իրենցից ներկայացնում էին պետության կողմից բնակչությանը բաժանված արժեթղթեր, իսկ իրականում արժեք չունեին։

Այնուհետև այդ գործարանները ապամոնտաժվեցին, դրանցում առկա հաստոցները և արտադրական այլ սարքերը վաճառվեցին որպես մետաղի ջարդոն` մեծամասամբ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Վերջինս այդ հաստոցներն օգտագործեց ոչ թե որպես մետաղե ջարդոն, այլ արտադրամասերում, գործարաններում` զարգացնելով սեփական ներուժը։ Ստացված արտադրանքը, մասնավորապես պլաստմասսե սեղաններ, աթոռներ և այլ իրեր Իրանը վաճառեց նաև Հայաստանին։

Գործարանների փակումը, ապամոնտաժումն ու վաճառքը շարունակվում է նաև այսօր և արդեն սպառնում է հանրահայտ «Նաիրիտ» գործարանին։ Վերջինս դեռևս ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով միջազգային բանկային համակարգում գրավ դրվեց, վերցվեցին խոշոր վարկեր, որոնք նպատակին չծառայեցին։ Այսպիսով «Նաիրիտը» պարտքի դիմաց մնաց Միջազգային բանկային համակարգին։ Գործարանն այսօր մասնատվում ու օտարվում է 90-ականների գործարանների նմանությամբ։

Ըստ ծրագրածի` «Նաիրիտի» տեղում կառուցվելու են բնակելի թաղամասեր, հանգստի գոտիներ, ժամանցի վայրեր, կրթական և բժշկական հաստատություններ` թուրքական կապիտալի միջոցով։

Նշեմ, որ «Նաիրիտը» Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։

 

Այսօր, երբ ՀՀ-ում բնակչության աղքատության մակարդակը, ոչ պաշտոնական տվյալներով, հասնում է մոտ 60%-ի, չկան խոշոր գիտահետազոտական և արտադրական կենտրոններ, գյուղատնտեսությունը օրըստօրե անկում է ապրում, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը գտնվում են շրիշակից ցածր մակարդակի վրա` խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման և առևտրաշրջանառության ակտիվացման մասին։

Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում զարգացվեց միայն մեկ ճյուղ, այն է` սպասարկման ոլորտը (ռեստորաններ, հյուրանոցներ, սրճարաններ, կազինոներ)` հայերիս մեջ ձևավորելով ենթակայի հոգեբանություն։

Գերհզոր տնտեսություն ունեցող Թուրքիան, որտեղ զարգացած են գյուղատնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, թեթև ու ծանր արդյունաբերությունը, գիտահետազոտական ինստիտուտները և այլն, սահմանների բացման պարագայում «սպառնում է» ՀՀ-ի «հազիվ շնչող» տնտեսությանը` կլանելով այն։ Վրաստանն այս հարցում ակնառու օրինակ է։

Սահմանների բացումը կբերի նրան, որ շատ կարճ ժամանակ անց թշնամական Թուրքիան առանց մեկ կրակոցի կվերցնի ՀՀ-ն իր տիրապետության տակ` հայերիս դարձնելով իր համար սպասարկող անձնակազմ մեր իսկ հայրենիքում։

Մտածել, թե սահմանների բացումը կօգնի ՀՀ-ի տնտեսությանը շունչ քաշել և վագրային թռիչքներով զարգանալ, մեղմ ասած, անհեռատեսություն է։

Մենք պետք է զարկ տանք հատկապես գյուղատնտեսությանն ու թեթև արդյունաբերությանը, որոնք սերտորեն փոխկապակցված են։ Հասնենք այն մակարդակին, որ դրանք լինեն մրցունակ միջազգային առևտրային հարաբերություններում, որից հետո նոր միայն որոշակի սահմանափակումներով կարելի է մտածել սահմանների բացման ու ուղիղ առևտրաշրջանառության մասին։

Դեռ չլուծած այս խնդիրը մենք իրավունք չունենք մեր հայրենիքը կանգնեցնել մեծ վտանգի առաջ, որի պատճառով կկորցնենք մեր պետականությունը։

Այն թեզը, թե իբր Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ կտա բազում հնարավորություններ առևտրաշրջանառության ոլորտում, պարզապես միֆ է, սին է ու դատարկ, հակասում է ՀՀ պետական շահին և սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը։

 

Արթուր Ռաֆիկի Գրիգորյան

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ

Մաթեմատիկոս, տնտեսագետ, պահեստազորի սպա

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն