Ինչու՞ են Արցախի պաշտոնյաները շահագրգռված Մեհրիբան հանըմին չայրված տներ «նվիրելու» հարցում

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ 13.08.2022-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ժամանել է Արցախի Հանրապետության Աղավնո գյուղ և սկսել համոզել գյուղացիներին, որ տներն անվնաս թողնեն, չայրեն։ Ավելի ուշ նույն հորդորով Աղավնո է այցելել Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նույն օրը երեկոյան, երբ Աղավնոյի բնակիչ Արման Իսախանյանն այրել է Աղավնոյում գտնվող իր տունը և տեսանյութը հրապարակել համացանցում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի մի շարք պաշտոնյաներ կապ են հաստատել քաղաքացու հետ և սպառնացել, թե նրա արարքի պատճառով Աղավնոյի ոչ մի բնակիչ փոխհատուցում չի ստանալու։

Օգոստոսի 9-ին Խանումյանը Civilnet-ին տված հարցազրույցում ասել էր. «Ես վառելու, թալանելու, ջարդելու մոլուցքից զարմանում եմ, կարծես թե ամբողջ պատմության մեջ ամենակարեւոր դրվագը վերջում վառելն է կամ մեկ տարեկան խնձորի ծառը կտրելը»։

Հետաքրքիր է նաև այն  հանգամանքը, որ մարդկանց թույլ են տալիս քանդել տները, բայց արգելում են այրել դրանք։

Թե ինչու են Արցախի պաշտոնյանները շահագրգռված արցախցիների տները թշնամուն չայրված փոխանցելու հարցում, դժվար չէ ենթադրել։

Նշենք նաև, որ օգոստոսի 26-ին Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան 58-ամյակն է, իսկ արցախցիներին բռնի գաղթի են ենթարկում` վերջնաժամկետ նշանակելով Մեհրիբան հանըմի ծննդյան օրվա նախօրյակը։

 

Հ.Գ. Ավելի վաղ հայտնել էինք, թե Աղավնոյի բնակիչների հետ «չհրդեհելու» հորդորով հանդիպել էր ԱՀ ներկայիս ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Պարոն Ստեփանյանը կապ հաստատեց «Փաստարկ» լրատվականի հետ և ասաց, որ ինքը նման հանդիպում չի ունեցել։ Մեր արցախյան աղբյուրներից մի քանի ճշտում կատարելուց հետո պարզեցինք, որ քաղաքացիներն ի նկատի են ունցել ԱՀ նախկին ՄԻՊ-ին և շփոթմամբ տվել են Ստեփանյանի անունը։

«Փաստարկ» լրատվականը հայցում է ընթերցողի և Գեղամ Ստեփանյանի ներողամտությունը։ Մեր նպատակը փաստարկված և հավաստի տեղեկատվություն տրամադրելն է ինչը և շարունակելու ենք կատարել։ Շնորհակալ ենք Գեղամ Ստեփանյանին արագ արձագանքելու և համագործակցության համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն