Իրան-ԱՄՆ միջուկային գործարքը կհեռացնի Իրանին Ռուսաստանից և Չինաստանից

Մեծ աշխարհաքաղաքականության օգուտը միշտ երկարատև է և միշտ չէ, որ դա հակառակորդի դեմ ռազմական գործողությունների կորուստով է ձեռք բերվում։

2018թ մայիսին Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ Իրանի միջուկային գործարքից, որը ստորագրվել էր 2015թ՝ հայտարարելով, թե պայմաններն ադեկվատ չեն, իսկ Իրանը դրանք հաճախ խախտում է։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտացրեց պատժամիջոցներն Իրանի դեմ։ Սակայն Իրանը չլուծարեց գործարքը։ Նա տոկունությամբ և անշեղորեն մեծացրեց ճնշումը Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ պայմանագիրը ստորագրած մյուս երկրների միջոցով, որպեսզի վերականգնի գործարքը։

Իրանի կառավարությանն ինչո՞ւ է անհրաժեշտ միջուկային այդ գործարքը։ Որովհետև Իրանին երկարատև հեռանկարով դա կբերի տնտեսական աշխարհաքաղաքական նշանակալի մեծ օգուտներ։ Իրանը պնդում էր, որ 2015թ գործարքը վերականգնվի, և որպեսզի գործարքի պայմանները բառ առ բառ իրականացվեն։ Ըստ որում՝ գործնականում Իրանը ճկունություն դրսևորեց։ Այժմ Իրանը և ԱՄՆ-ն հնարավորություն ունեն ավելի կենսունակ գործարք կնքելու, որը կենսակայուն կդառնա նույնիսկ երկու երկրների վարչակազմերի փոփոխության դեպքում։

2015 թվականի միջուկային գործարքը բավական հավակնոտ էր՝ Թեհրանի միջուկային միտվածությունները զսպելու առումով։ Սակայն Բայդենի օրոք իրավիճակը փոխվել է։ Եվ այսօր Իրանն ավելի շահավետ իրավիճակում կարող է հայտնվել, եթե նույնիսկ համաձայնության գա որոշ պայմանների սահմանափակումների շուրջ։ Նախ՝ Իրանը բավական առաջընթաց ունի իր միջուկային ծրագրի իրացման առումով։ Միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը նպաստեց ուրանի հարստացման մակարդակի բարձրացմանը։ Փաստացի Թեհրանը և՛ 2019 թվականին, և՛ 2020 թվականին խախտեց ուրանի հարստացման վերաբերյալ սահմանափակումների դրույթը։ Ներկա պահին Իրանը հասել է 63 տոկոս մաքուր ուրանի հարստացման մակարդակի՝ թեպետ դա բավարար չէ միջուկային զենք ունենալու համար (դրա համար պահանջվում է 90 տոկոսի ուրանի հարստացման մակարդակ)։ Իրանի իշխանությունները համառ հայտարարություններ են հնչեցնում, թե իրենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունեն։ Այդուհանդերձ՝ 2015 թվականի համեմատությամբ՝ Իրանին հաջողվել է հասնել միջուկային ավելի բարձր ճեղքվածքի։ Սակայն Իրանը դրան կարող էր հասնել միայն գործարքի ավարտման ժամանակացույցից հետո՝ այսինքն՝ 2030 թվականին։

Զբաղվելով ուրանի հարստացմամբ՝ Իրանը ողջ աշխարհին ներկայացրեց , որ կարող է հաղթահարել իր միջուկային հաստատությունների վրա հարձակումները և իրանցի գիտնականների սպանությունները։ Իրանը կարող է հմտորեն պահպանել իր միջուկային ներուժը և կարող է անցնել միջուկային զենքի փորձարկումների՝ կախված պահի ռազմավարական և աշխարհաքաղաքական պահանջներից։ Այսինքն՝ միջազգային համաձայնագիրը Իրանի համար այլևս անհաղթահարելի խոչընդոտ չէ։ Միջազգային այդօրինակ համաձայնագրերն այլևս չեն կարող խանգարել Իրանի ոչ միջուկային ներուժը զարգացնելուն, որովհետև արգելքների մասին համաձայնագրի ժամկետը լրացել է 2020թ հոկտեմբերին։ Իսկ բալիստիկ հրթիռների արգելքի ժամկետը լրանում է 2023 թ հոկտեմբերին։ Իրանը գրեթե ոչինչ չի կորցնում՝ վերադառնալով գործարքի մնացած պայմաններին։ Վերջնարդյունքում՝ գործարքները չեն կարող անդրադառնալ Թեհրանի ռազմական ծրագրերի վրա։

Մյուս կողմից, եթե չեղարկվեն պատժամիջոցները՝ դա կհանգեցնի Իրանում տնտեսական և աշխարհաքաղաքական մեծ շահույթի։ Քանի որ ԱՄՆ-ի ուղիղ և կրավորական պատժամիջոցներն Իրանին կախվածության մեջ են պահում իր առևտրական մի քանի գործընկերներից։ Այսպես օրինակ՝ Չինաստանին բաժին է հասնում իրանական արտահանման 48,3 տոկոսը և ներմուծման 27,5 տոկոսը։ Քանի դեռ արգելքներ կան Իրանի նկատմամբ նաև առևտրական գործընկերների նկատմամբ՝ Իրանը խոցելի է։ Այո, Իրանը դառնում է տնտեսապես խոցելի և կախվածություն ունի այն երկրներից, որոնք հանդգնում են խախտել Վաշինգտոնի կամքը։ .

Վաղ անցյալում Իրանը բախվել է այդ բացասական խնդիրներին, տարբեր ժամանակներում կախվածություն է ունեցել Ռուսատանից, ԽՍՀՄ-ից, Միացյալ Թագավորությունից և նույնիսկ՝ հենց ԱՄՆ-ից։ Իրանը վախենում է նորից կորցնել հսկողությունը։ Դա է պատճառը, որ նա դեմ է Համապարփակ ռազմավարական գործընկերությանը՝ 25 տարի ժամկետով, որի մասին Պեկինը և Թեհրանը հայտարարել էին 2021թ մարտ ամսին՝ չնայած որ այդ գործարքն Իրանին կբերեր 400 միլիարդ դոլարի չինական ներդրումներ։ Իրանը ըմբռնեց, որ պատժամիջոցների չեղարկումը, մասնավորապես բանկային գործարքների սահմանափակումների չեղարկումը, իր երկիրը կդարձնի տնտեսապես անկախ։

Վաշինգտոնի ճնշումների պայմաններում՝ Ռուսաստանը դարձավ այս երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը և գործընկերը մասնավորապես՝ ռազմական և նյութական միջոցների մատակարարման հարցերում։Չինաստանը ևս արագ ընդլայնեց համագործակցությունն այդ հատվածներում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս երկու երկրները բազմիցս պաշտպանել են Իրանին` ԱՄՆ-ի պահանջներից։

Այդուհանդերձ՝ երկար ճնշումներից հետո Իրանը կասկածանքով է վերաբերվում աշխարհաքաղաքական ցանկացած մեծ խաղացողի՝ ներքին և միջազգային գործերի մակարդակում։ Որոշ տվյալներով՝ 2015 թվականին հենց Ռուսաստանն է խանգարել, որ Իրանը միջուկային գործարք կնքի ԱՄՆ-ի հետ՝ օգտագործելով կառավարող ընտրանի խավի ներսում առկա տարաձայնությունները։ Իսկ Չինաստանի և Իրանի համագործակցությունը հիմք է տալիս Չինաստանին, որպեսզի այս երկիրն Իրանի նավահանգիստներում և օդանավակայաններում մուտքի իրավունք ունենա՝ իր ռազմական հավակնությունների համար։ Փաստորեն՝ Բայդենի վարչակազմը դա լավ է հասկացել, և դա է պատճառը, որ միջուկային գործարքը հնարավորություն կտա Իրանին՝ հեռավորություն պահելու Չինաստանից և Ռուսաստանից՝ նաև իր ներքաղաքական կյանքն ինքնուրույն վարելու համար։ Այդ կերպ՝ Իրանը ինքնավար պետություն կլինի աշխարհաքաղաքական չափումներում։

Առաջին հայացքից չզիջող է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիրքորոշումը, ով հայտարարում է․ «Վաշինգտոնը, որ խախտել է միջուկային գործարքը, պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները և ձեռնարկի քայլեր՝ բանակցություններին վերադառնալու համար»։ Իրանը բանակցություններ է վարում Վիեննայում։

Ինչ վերաբերում է Իրանում ուրանի հարստացման անթույլատրելի սահմանին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանը կվերադառնա պահանջների լիակատարմանն այն դեպքում, երբ մյուս կողմերը ևս կատարեն իրենց պարտավորությունները։ Անկասկած է, որ Թեհրանը ցուցադրում է Վաշինգտոնի հետ նորից աշխատելու իր պատրաստակամությունը։ Միացյալ Նահանգները ևս հակված է զիջումների, որպեսզի վերականգնի Իրանի հետ միջուկային գործարքը։ Հետաքրքիր է այն միտումը, որ Վաշինգտոնը դադարեց Եվրամիության և Ռուսաստանի հետ միջնորդավորված կապով հարաբերվել Իրանի հետ։ Այդ իմաստով՝ Ռոհանին Վիեննայում կայացած բանակցություններն Իրանի հաղթանակն է համարել, քանի որ նպատակն Իրանի տնտեսության զարգացումն է և աշխարհաքաղաքականության հարթակում ինքնուրույնությունը։ Իրանը ապագայում ևս պատրաստ է կարևոր մարտավարությունների, ինչը կհանգեցնի հետագա կառուցողական փոխգործակցության։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն