Իրանի նորընտիր նախագահը 1988-ի «քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժն» անվանել է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դարձել persona non grata ԱՄՆ-ում

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին հասկանալ է տալիս, որ ոչ մի պարագայում չի հանդիպելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, եթե նույնիսկ Վիեննայում կայացող հանդիպումներում Վաշինգտոնը Թեհրանի բոլոր պահանջները կատարի՝ 2015 թվականի միջուկային ծրագրի գործարքի վերսկսման համար։

Իբրահիմ Ռաիսին, ծայրահեղ պահպանողական հոգևորական է ու Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեի մերձավոր համագործակիցը։ Նա առաջին անգամ ելույթ ունեցավ հունիսի 21-ին՝ անցած ուրբաթ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ Իր առաջին մամուլի ասուլիսում նա տեղեկացրել է, որ օգոստոսի սկզբին կփոխարինի գործող նախագահ Հասան Ռոհանիին:

Հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է հանդիպել Բայդենի հետ՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև վեճերը լուծելու համար, եթե Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ և կատարի Իրանի բոլոր պահանջները, Ռաիսին պատասխանել է վճռական ՈՉ-ով:

Միևնույն ժամանակ՝ Իսլամական Հանրապետության կառավարության ապագա ղեկավարը (նախագահի և վարչապետի պաշտոնները համատեղվում են Իրանում) Վաշինգտոնին կոչ է արել  վերադառնալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վեց տարի առաջ ստորագրված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) և վերացնել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:

Ռաիսին շարունակում է վերահաստատել Իրանի դիրքորոշումը, ըստ որի բալիստիկ հրթիռների ծրագիրը չի քննարկվելու համաշխարհային տերությունների հետ:

Պատասխանելով 1988-ին Իրանում «քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժների» գործում իր դերի մասին հարցին՝ Իրանի դատական համակարգի 60-ամյա երբեմնի ղեկավարն իրեն ներկայացրել է որպես մարդու իրավունքների պաշտպան։

«Եթե դատախազը պաշտպանում է մարդու իրավունքները և հասարակության անվտանգությունը՝ նրան պետք է խրախուսել: Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ անվտանգությունը՝ որտեղ էլ որ աշխատել եմ դատախազի կարգավիճակով», — ասել է Ռաիսին, ով 1988 թվականին Թեհրանի դատախազի տեղակալն էր:

Իրավապաշտպան խմբերը հաստատում են, որ նա, այսպես կոչված` «մահվան հանձնաժողովի» առաջատար անդամներից մեկն էր ․ այդ հանձնաժողովը Իրանի դատական համակարգի և հետախուզության առանձին սպաների հատուկ ենթակառույց էր, որը ստեղծվել էր երկրի այն ժամանակվա հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի կողմից ՝ «հազարավոր քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժները վերահսկելու նպատակով»: Ենթակառույցը ստեղծվել է 1988 թ.։ Այդ մասին հաղորդում է հեռարձակվել «Al Arabiya» հեռուստաալիքով։

Իրավապաշտպան խմբերը հաշվարկել են, որ այդ ժամանակ մահապատժի է դատապարտվել 5000 մարդ:

2019թ․ ԱՄՆ-ը անձնական պատժամիջոցներ է կիրառել Ռաիսիի հանդեպ՝ Իրանում մարդու իրավունքները ոտնահարելու համար:

Անցյալ կիրակի դադարեցվել են Թեհրանի հետ բանակցությունները Վիեննայում ՝ 2015 թ. միջուկային գործարքի հարթակ վերադառնալու շուրջ, այն իրողությունից հետո, երբ նախագահական ընտրություններում հաղթեց Ռաիսին։ Արեւմտյան երկու դիվանագետներ անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել են, որ միջուկային բանակցություններում ընդմիջում է սպասվում մոտավորապես 10 օր: Նշվում է, որ մինչև համաձայնության ձեռքբերումը՝ Իրանի ղեկավարությունը պնդում է չեղարկել Ռաիսիի դեմ Միացյալ Նահանգների ձեռնարկած՝ անձնական պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ ապրիլ ամսից Վիեննայում մեկնարկած և շարունակվող բանակցությունները միտված են ապահովելու Միացյալ Նահանգների վերադարձը միջուկային գործարքի հարթակ, որտեղից նա միակողմ հեռացավ 2018-ի մայիսին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք և չեղյալ հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Իրանը կատարում է միջուկային գործարքի համաձայն իր բոլոր պարտավորությունները: Վերջերս Թեհրանը նույնպես շեղվել է միջուկային գործարքի պահանջներից և ուրան է հարստացնում ՝ բարձր հզորության ցենտրիֆուգների շահագործման համար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն